Օգոստոսի 8-ին կայացել է Իջեւան համայնքի ավագանու արտահերթ նիստ: Նիստում քննարկվելու էին նաեւ սոցիալական մի շարք հարցեր, այդ պատճառաբանությամբ ավագանու անդամները միաձայն որոշել են նիստն անցկացնել դռնփակ: Ավագանու օրակարգում եղել է 8 հարց, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ: Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ ավագանու որոշումներից մեկը վերաբերում է Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 14-րդ շենքը աճուրդային կարգով օտարելուն եւ աճուրդի մեկնարկային գին որոշելուն:
Իջեւան համայնքի ավագանին որոշել է. «Տալ հավանություն Իջեւան համայնքի սեփականություն հանդիսացող, Անկախության թիվ 14 հասցեում գտնվող 2014.2 քմ մակերես հողամասով.4558.9 քմ ներքին մակերեսով վարչական շենքը աճուրդային կարգով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ հողամասի մեկնարկային գին սահմանելով 90 000000 դրամ, շինության մեկնարկային գին սահմանելով 75 000000 դրամ»: Այդ որոշումը նիստին մասնակցող ավագանու 8 անդամներն ընդունել են միաձայն:
Անկախության թիվ 14 հասցեում գտնվող 7 հարկանի շենքը գտնվում է Իջեւան քաղաքի փոքր կենտրոնում, այն կիսակառույց է խորհրդային շրջանից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ