Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևան կատարվելիք այցի ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի դերակատարությանը և եվրոպական արժեքներին աջակցությանը: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:
Գերմանիան պետք է Հայաստանին ազդանշան ուղարկի առ այն, որ «մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք սկսված փոփոխությունների գործընթացին, քանի որ դրանք ուղղված են եվրոպական նորմերին»,- Deutsche Welle-ի հետ զրույցում ասել է բեռլինյան «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի գիտաշխատող Ուվե Հալբախը՝ բնորոշելով Մերկելի գլխավոր առաջադրանքը Երևանում: Առաջադրանքն այնքան էլ հեշտ չէ՝ աջակցել Հայաստանին դեպի եվրոպական արժեքները ճանապարհին և դրանով չսադրել Մոսկվային:
Երևան կատարվող այցը մեծ նշանակություն կունենա նաև Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների համատեքստում: Անգելա Մերկելը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին: Երբ 2016թ. Գերմանիայի Բունդեսթագը Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշեց որպես ցեղասպանություն, դա հանգեցրեց Անկարայի հետ սուր վեճի: Հետևաբար, պետք է ուշադիր հետևել՝ արդյոք Մերկելը Երևանում կարտաբերի «ցեղասպանություն» բառը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ