«Եթե աղբահանությունից սկսած՝ առողջապահական խնդիրներով վերջացրած, բոլոր խնդիրները փորձենք հեղափոխության ուղու մեջ «խցկել», 3 տարի անց հանրային աջակցության առումով մեծ խնդիրներ կունենանք: Երեւանը պետք է գործի բնականոն եւ զարգանա»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր, անդրադառնալով փաստին, որ օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանին, ասաց «Երեւանի հանրություն» նախաձեռնության (որը եւս մասնակցելու է ընտրություններին) անդամ Արմեն Հովհաննիսյանը: «Նիկոլ Փաշինյանի կարծիքը շատ կարեւոր է իմ համար, քանի որ նա օրինական վարչապետ է: Բայց անձամբ ես կքվեարկեի գործնական նպատակներով՝ այն տեսլականով, թե ինչպես պետք է կառավարվի Երեւանը եւ ավագանին: Այդ նպատակները եզրափակվում են «Երեւանի հանրությանը» ձայն տալով»:
«Երեւանի հանրություն» նախաձեռնության քաղաքապետի թեկնածու, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն էլ նկատեց. «Դա մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն երեւանցիների, այլեւ ողջ հանրության վրա, որն ազդվեց վարչապետի կոչից: Չգիտեմ՝ էթիկայի տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ ընտրություններից առաջ արտահայտվել որեւէ թեկնածուի մասին: Կցանկանայի, որ դա տեղի ունենար քարոզարշավի ժամանակ»:
Անահիտ Թարխանյանը նշեց, որ իր ղեկավարած նախաձեռնության հնարավորությունները շատ բարձր է գնահատում. «Հանրահավաքի ժամանակ հրապարակում կար մոտ 80 000 մարդ, որի մոտ կեսը մարզերի բնակիչներն էին: Կարելի է ասել՝ 40 000 մարդ քվեարկելու է Հայկ Մարությանի օգտին, բայց դա ողջ Երեւանը չէ, եւ մենք բարձր ենք գնահատում մեզ: Կարելի էր այլ կերպ ներկայացնել, բայց, այնուամենայնիվ, նորմալ է, որ իրեն ներկայացրին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ