«Այս ընտրություններն առաջինն են ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ուստի անհրաժեշտ է, որ հանրությունը բարձր վստահություն ունենա: Դա ապահովելու համար բոլոր կուսակցություններին կոչ եմ անում պահանջել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող «Երեւանի հանրություն» նախաձեռնության (միավորում է տասը մասնագիտացված հ/կ-ների) քաղաքապետի թեկնածու, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: «Մուկուչյանը պետք է դուրս գա ԿԸՀ-ից: Մենք չենք կարող հանրությանը բացատրել, թե նման վիճակում, երբ ՀՀ-ում շատ բան է փոխվել, ինչու է նա շարունակում լինել ԿԸՀ նախագահը»,-համոզմունք հայտնեց Թարխանյանը:
Ըստ նրա՝ Տիգրան Մուկուչյանը տարիներ շարունակ շատերի կողմից մեղադրվել է ընտրակեղծարարության համար. «Եթե հիմա էլ է նա ստորագրելու ընտրությունների արդյունքների տակ, ուրեմն, ի՞նչ է ստացվում՝ նախորդ ընտրությունների ժամանա՞կ էլ էր նա ճիշտ ստորագրել: Մյուս կողմից, ՀՀԿ-ն չի մասնակցելու գալիք ընտրություններին, բայց գտնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է հրաժարվի իր քվոտաներից եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկա չլինի»:
Անահիտ Թարխանյանի տեղեկացմամբ՝ վաղը 17 00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ցույց կլինի՝ նշյալ երկու պահանջներով. «Եթե անգամ նա հրաժարական չտա, մենք մասնակցելու ենք ընտրություններին ու պայքարելու: Չորս տարվա համար մշակելու ենք ծրագրեր՝ ընդհանուր մեկ միլիարդ դոլարին համապատասխան դրամ արժողությամբ: Կաշխատենք, որպեսզի չորս տարում 30 հազար աշխատատեղ ապահովվի Երեւանում: Մեր թիրախում են լինելու առողջապահությունը, շրջակա միջավայրը, նաեւ՝ մշակույթը, սոցիալական խնդիրները, տրանսպորտը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ