Օգոստոսի 23-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության բարձրաստիճան ղեկավարության հանդիպումը: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում՝ երկու հայկական պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները և հեռանկարները:
ՀՀ և Արցախի պետեկամուտների գերատեսչությունների սերտ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի՝ աջակցություն երկու պետությունների պետեկամուտների վարչարարության ներդաշնակեցմանն ու դինամիկ զարգացմանը, պետական բյուջեների եկամուտների աճին և հայ գործարարների օրինավոր շահերի պաշտպանությանը: Արցախցի գործընկերներին ուղղված ողջույնի խոսքում ՊԵԿ ղեկավարը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ստորագրել են գերատեսչությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության՝ 2018-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Եռամյա գործակցության ծրագրով նախատեսվում է փորձի, գիտելիքների, տեղեկատվության փոխանակման, համատեղ աշխատանքների իրականացման ուղղություններով բազմաթիվ միջոցառումներ: Կողմերն ընդգծել են, որ առաջիկա տարիներին առավել արդյունավետությամբ են շարունակելու գործակցությունը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին