Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ղարաբաղ, պատերազմ, գազ. ինչու՞ է Մերկելն այցելում տարածաշրջան. gazeta.ru

Օգոստոս 23,2018 15:35

Վրաստան. Ռուսաստանին ճնշելու ակնկալիքով

Օգոստոսի 23-ին Անգելա Մերկելն այցելում է Վրաստան՝ առաջին անգամ 10 տարվա մեջ: Մինչ այս նա Վրաստանում եղել է ընդամենը մեկ անգամ՝ 2008թ.՝ ռուս-վրացական պատերազմի ավարտից հետո:

Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունից նշել են, որ այս այցը կնվիրի «երկկողմ հարաբերություններին և տնտեսական կապերին, ինչպես նաև եվրոպական և արտաքին քաղաքականության հարցերին»:

Վրացի քաղաքական գործիչները չեն թաքցնում իրենց ոգևորությունը Մերկելի այցի նկատմամբ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ այս այցը ցույց է տալիս երկու պետությունների գործակցության բարձր մակարդակը, և այն «Վրաստանին աջակցություն ցուցաբերելու հստակ ազդանշան է»:

Վրաստանում Մերկելը կհանդիպի ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք անկասկած կօգտվեն հնարավորությունից իրենց օրակարգն առաջ տանելու համար: Մերկելի այցի նախօրին Վրաստանի ընդդիմադիրները դժգոհություն էին հայտնել, որ օգոստոսի 18-ին Ռուսաստանի նախագահի հետ ունեցած երեքժամանաոց հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլերը Վրաստանի հարցը չէր բարձրացրել:

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին դրանից հետո հայտարարել էր, որ Մերկելի այցը Վրաստան Պուտինի հետ հանդիպումից մի քանի օր հետո «հիմքեր է տալիս պնդելու, որ Վրաստանը միշտ եղել է և ապագայում էլ կլինի կարևորագույն ուղղություններից մեկը` Ռուսաստանի և Գերմանիայի միջև բանակցությունների օրակարգում»:

Gazeta.ru-ի հետ զրույցում Հումանիտար-քաղաքական հետազորությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերն ասում է, որ երկու հանդիպումների միջև կարճ ժամկետն ավելի շուտ պատահականություն է: «Քանի որ Գերմանիայում դեռ չի սկսվել քաղաքական ակտիվ շրջանը, Մերկելը դեռ որոշ ժամանակ ունի այցերի և հանդիպումների համար: Իսկ ահա մեկ ամիս հետո Հարավային Կովկաս ժամանելը Մերկելի համար արդեն ավելի բարդ կլիներ, հենց դրա համար էլ ընտրվել է օգոստոսի վերջը»,- ասում է փորձագետը:

Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները մթագնում է ոչ միայն Գերմանիայի դժկամությունը՝ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, այլև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության թեման: Մերկելը վերջին տասը տարում Վրաստանի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման ամենասուր հակառակորդներից մեկն է:

«Ինչ-որ ձևով այս թեման ամեն դեպքում կբարձրացվի բանակցություններւմ,- ասում է Բրուտերը:- Բայց Մերկելը կոչ կանի զսպվածություն ցուցաբերել և որոշակի զգուշավորություն: Պետք է հասկանալ, որ Գերմանիային ձեռնտու չէ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Դա որոշակիորեն կխարխլի Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչը, բնականաբար, Բեռլինը չէր ցանկանա»,- ասում է նա:

Հայաստան. ծանոթություն Փաշինյանի հետ

Հաջորդ երկիրը, ուր պատրաստվում է այցելել Մերկելը, Հայաստանն է: Երևանում Գերմանիայի կանցլերը կլինի օգոստոսի 24-ին:

Ծրագրով նախատեսվում են բանակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ծրագրվում է հանդիպում նաև երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև այց Ծիծեռնակաբերդ:

Սակայն որևէ մանրամասներ սպասվող բանակցությունների մասին չի հաղորդվում: Միանգամայն հնարավոր է , որ դա պայմանավորված է նրանով, որ այցի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս նախորդ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի օրոք:

Մերկելի այցը հետաքրքիր է դարձնում այն հանգամանքը, որ հուլիսին ՆԱՏՕ-ի շրջանակում Փաշինյանի հետ նրա նախորդ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հանդես եկավ Եվրամիությանը քննադատող ելույթով:

Այդ ժամանակ Փաշինյանը դժգոհում էր, որ Եվրոպայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ այնքան էլ հասկանալի չէ:

Այս հայտարարության համատեքստում Գերմանիայի կանցլերը կարող է հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ՝ նրա մասին վերջնական տպավորություն կազմելու համար: «Մերկելին հետաքրքիր է տեսնել՝ արդյոք այստեղ ամեն ինչ նույնն է, ինչպես նախկինում, արդյոք Հայաստանը չի փոխել դիրքորոշումը հեղափոխությունից հետո: Թե՞ ինչ որ բան փոխվել է Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո»,- ասում է Բրուտերը:

Բացի այդ, փորձագետները կարծում են, որ ամենայն հավանականությամբ, բանակցություններում կբարձրացվի նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:

«Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական: Մերկելը գնում է ոչ միայն որպես գերմանացի, այլև որպես եվրոպացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է առաջին հերթին Բրյուսելի, հետո միայն Գերմանիայի շահերը: Եվ, իհարկե, Մերկելը շահագրգռված է, որպեսզի և՛ Եվրամիությունը, և՛ Գերմանիան մասնակցեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,- ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ Եվրոպայի գերմանական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վլադիսլավ Բելովը:

«Ես կարծում եմ, որ Մերկելը ևս մեկ անգամ կկրկնի ընդհանուր բանաձևերը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Բնական է, որ այդ բանաձևերը, ի տարբերություն շատ ուրիշների, հիմա չգիտես որտեղ են գտնվում: Եվ, հետևաբար, նրան հարգանքով կլսեն և կկրկնեն հայտնի պատասխաններ»,- իր հերթին ասում է Բրուտերը:

Ադրբեջան. գլխավոր թեման գազն է

Մերկելի այցը ամփոփիչ կետը Հարվային Կովկասում կլինի Ադրբեջանը, ուր նա կժամանի օգոստոսի 25-ին: Մերկելի այցն այս երկիր արդեն ստվերվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները այցագիր չտվեցին Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին (որը պետք է ուղեկցեր Մերկելին)՝ պատճառաբանելով, որ 2014թ. և 2016թ. նա եղել է Լեռնային Ղարաբաղում և գտնվում է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»:

Գերմանական Bild պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում փորձում էր հարթել իրավիճակը Վայլերի այցի հետ կապված, սակայն, այս փորձերը հաջողությամբ չպսակվեցին: «Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը ափսոսանք է առաջացնում և չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը»,- ավելի վաղ ասել էր Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

Այնուամենայնիվ, Բելովը կարծում է, որ Մերկելի այցը Բաքու կարող է լինել նրա շրջագայության ամենակարևոր կետը:

«Վրաստանն ու Հայաստանը մի բան են, Ադրբեջանը՝ մեկ այլ բան: Ադրբեջանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Եվրամիության հետ: Ալիևը Եվրամիության վրա ատամ ունի, նա իր պատճառներն ունի: Բայց ի տարբերություն Վրաստանի և Հայաստանի՝ Ադրբերջանը ռեսուրսներ ունեցող երկիր է»,- ասում է փորձագետը:

Այս տարվա մայիսին Ադրբեջանը կգործարկի Հարավային գազային միջանցքը, որով նախատեսվում է ենթակառուցվածքներ ստեղծել ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար: Նախագծի արժեքը գնահատվում է ավելի քան 40 մլրդ դոլար:

«Եվ Մերկելը շահագրգռված է, որպեսզի ինչպես ժամանակին «Հյուսիսային հոսքով», այս խողովակաշարով էլ հոսի տաջիկական և իրանական գազ: Հետևաբար, այս այցի առաջնահերթությունը էներգետիկան է»,- եզրափակում է փորձագետը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031