Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյուղնախը ստվերային գյուղատնտեսության մասին. «Գնում ենք Եղվարդ,  փաստաթղթում նշված է ցորենի արտ, տեսնում ենք «հայթեք» լավագույն այգի»

Օգոստոս 23,2018 15:28

Սեւանա լճից հավելյալ ջրառը ոռոգման խնդրի լուծման միակ տարբերակն է: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Այսօր կառավարությունը հաստատեց Սեւանա լճից այս տարվա համար ջրի բացթողնման  չափաքանակ սահմանել մինչեւ 210 միլիոն խ/մ, հավելյալ ջրառը կազմելու է մինչեւ 40 միլիոն խ/մ:

Օգոստոսի 6-ին վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն  ասել էր՝ «Ընդհանրապես, Սեւանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սեւանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, եւ Սեւանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության, ու դրա հետեւանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»:

Նախկին իշխանությունների օրոք,  երբ որոշվեց Սեւանից 170 միլիոն խ/մ ջուր պետք է բացթողնվի, մասնագետները դա անթույլատրելի էին համարում, հիմա նոր կառավարությունն ավելի շատ ջրառ է նախատեսում:

Այս առնչությամբ պատասխանելով Aravot.am-ի հարցին, Խաչատրյանն ասաց, որ նախորդ տարի բաց է թողնվել հավելյալ 100 միլիոն խ/մ, իսկ այս տարի նախատեսվում է մինչեւ 40 միլիոն խ/մ: Նախարարը վստահեցրեց՝  այլ ելք չունեին, գյուղացիներն ամբողջ տարի աշխատել էին, եւ սպասում էին ոռոգման. «Սա վերջին ջուրը պետք է լինի, որպեսզի բերքը չկորի»:

Նախարարն ասաց, որ տարբերակներ են մշակվում, որպեսզի մեխանիզմներ մշակվեն մեր գյուղատնտեսությանը վերադարձնելու համար Հայաստանի ջրերը, որոնք գնում լցվում են Կասպից ծովը.«Արաքս գետը գնում է ոչ շատ բարեկամ երկրներ՝ Թուրքիա, Նախիջեւան, մեխանիզմներ ենք մշակելու ջուրը վերադարձնելու, որը էապես կնվազեցնի ճնշումը Սեւանի վրա»:

Ստվերային գյուղատնտեսության մասին էլ ասաց, որ եղել են բանջաբոստանային տարածքներ, հետո վերածել են այգիների ու համապատասխան փաստաթղթային փոփոխություններ չեն արել. «Այսինքն հողի հարկի վրա դա չի ազդել»:

Ըստ գյուղատնտեսության նախարարի` դրանք կարող էին լինել եւ շարքային գյուղացիները, եւ ավելի մեծ  հողատարածքներ ունեցող սուբյեկտները. «Օրինակ՝ գնում ենք Եղվարդ, փաստաթղթում նշված է` ցորենի արտ, գնում ենք տեսնում ենք այդտեղ «հայթեք» լավագույն այգի է»:

Նախարարն ասաց, որ սկսելու են ուսումնասիրություններ՝ որ տարածքում ինչ մշակաբույսեր կան, եւ դա համեմատելու են կադաստրի տեղեկությունների հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031