Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը իջել է վերելակի «շախտաները», իր ձեռքով ստուգել «տռոսները»

Օգոստոս 23,2018 16:00

Քաղաքապետի թեկնածուն՝ ԲՀԿ-ի հասցեին քննադատությունների, Երեւանի սգո սրահների, մետրոյի նոր կայարան բացելու եւ այլ անելիքների մասին

Երեւանի քաղաքապետի նախկին ընտրություններին՝ 2013-ին, ԲՀԿ-ին քննադատում էին նրա համար, որ իրենց նախընտրական քարոզարշավը հիշեցնում էր Կռիլովի «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» հայտնի առակը, անհասկանալի էր, թե ով է իրենց քաղաքապետի թեկնածուն, որովհետեւ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, ամեն մեկը կարծես իր առանձին քարոզարշավն էր անում ու քաղաքապետի վերմակը քաշում իր վրա:
Այս ընտրություններին, ճիշտ է, դեռ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, այնուամենայնիվ, թեկնածուները սկսել են սոցցանցերում, մամուլում ներկայացնել իրենց անելիքները ու այդ առումով ԲՀԿ-ից ակտիվություն է ցուցաբերում միայն ցուցակի առաջին համարը՝ Նաիրա Զոհրաբյանը: Պետրոս Ղազարյանը, Արման Աբովյանը, որոնք ցուցակում հաջորդում են նրան, կարծես ներգրավված չեն:

Այս առնչությամբ երեկ «Առավոտի» հետ զրույցում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, մեր հարցին՝ նախկին քննադատություններից ելնելո՞վ է, որ այս անգամ կարծես դուք միայնակ եք ակտիվություն դրսեւորում՝ պատասխանեց. «Բացարձակապես համաձայն չեմ: Պետրոս Ղազարյանը հանրապետությունում չէր, վերադարձել է միայն այսօր եւ այսօր առավոտյան արդեն մենք ուղիղ եթերում քննարկել ենք շատ կարեւոր, սկզբունքային կետեր: Պետրոս Ղազարյանը Եվրոպայում էր, պլանավորել էինք, որ ինքը մի քանի քաղաքապետերի հետ հանդիպում պետք է ունենա, որովհետեւ մեր ծրագիրը լինելու է կանաչ եւ սմարթ՝ խելացի քաղաքի կոնցեպցիա եւ Պետրոս Ղազարյանը մեր նախնական պայմանավորվածություններով եվրոպացի մեր գործընկերների հետ նաեւ այդ հանդիպումներն է ունեցել: Այսօր առավոտյան մենք եռյակով ունեցել ենք ուղիղ եթերում աշխատանքային քննարկում: Արման Աբովյանը շատ ակտիվ է, նրա հետ ամեն օր ես լինում եմ Երեւանի որեւէ բակում, որովհետեւ ամեն օր ահազանգ է գալիս: Հիմա ձեզ հետ խոսում եմ ու շտապում եմ Երեւանի բակերից մեկը, որտեղ շատ տարօրինակ խնդիր բարձրաձայնվեց՝ 8 բնակելի սեփական տների անմիջապես հարեւանությամբ 3 մետրի վրա տեղադրված է սգո սրահ: Մարդիկ տարիներ շարունակ իրենց տները լքել են, մնում են վարձով, որովհետեւ ամեն օր իրենց պատուհանից 1.5-2 մետրի վրա իրենք լսում են սգո թափորի ձայն: Սա անոմալիա է: Հիմա պետք է գնանք, հասկանանք խնդրին ինչ լուծում ենք տալու: Այնպես որ մենք ամեն օր Արման Աբովյանի հետ որեւէ պրոբլեմատիկ խնդրով ենք զբաղվում»:

Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ երեկ էլ իջել է Երեւանի բարձրահարկ շենքերից մեկի վերելակի «շախտան». «Դուք գիտեք, որ 4790 վերելակ մենք ունենք, որի գերակշիռ մեծամասնությունը աղետալի վիճակում է: Վերելակների շահագործման կյանքի տեւողությունը 20-25 տարի է, իսկ մենք այսօր ունենք ընդհուպ 65 տարի կյանքի տեւողությամբ վերելակ, որը շահագործվում է, սա քաղաքացիների անվտանգության խնդիր է: Ես իջել եմ վերելակի շախտաները, իմ ձեռքով նայել եմ, թե ինչ վիճակում են «տռոսները»՝ վերելակի կապանները, որ պահում են վերելակը, լրջագույն խնդիր է: Ավելին, այնպես չի, որ մենք միայն արձանագրում ենք խնդիրները, երեւանցին այս բոլոր խնդիրները մեզանից շատ շուտ եւ հիմնավորապես արձանագրել է: Մենք գալու ենք կոնկրետ ներդրումային փաթեթներով: Կոնկրետ ներդրողն ասելու է՝ ես բերելու եմ էկոտրանսպորտ՝ էկոլոգիական, անվտանգ, մաքուր տրանսպորտի ներդրում անեմ: Մեկ այլ ներդրող գալու է՝ Երեւանում աղբավերամշակման գործարան կառուցելու իր ներդրումային փաթեթով, որովհետեւ ինչքան էլ մենք փորձենք վազել լեգալ կամ անլեգալ աղբավայրերի հետեւից եւ փորձենք բարիկադներ սարքել, չթողնել, որ աղբ թափվի, աղբահանության ցիկլը Երեւանում չի ավարտվում, որովհետեւ չկա աղբի վերամշակում: Մեկ այլ ներդրող գալու է վերելակների վերանորոգման, իրենց կյանքը սպառած, մահացած վերելակները նոր վերելակներով փոխարինելու ծրագրով»:
Մեր դիտարկմանը՝ Գագիկ Ծառուկյանն առաջ էլ էր ներդրումների մասին խոստացել, հետո պարզվեց, որ պետք է իշխանություն լինի՝ նոր ներդրումները կգան՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Բնական է, եթե ձեզ թվում է այլ քաղաքական ուժի պիտի տան վստահության քվե,…ներդրողը վստահում է կոնկրետ տվյալ քաղաքական ուժին: Բնականաբար, այստեղ իմ, պարոն Ծառուկյանի անձնական խնդիրը չէ, ներդրողի խնդիրը չէ, ներդրողը հույսը կապում է այս կամ այն ուժի լիդերի հետ»:

Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում թեժ քննարկվում էր «Ելքի» առաջարկը՝ մետրոյի նոր կայարան բացելու: Հարցին՝ դուք նման մտադրություն ունե՞ք՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Գիտեք, հիմա եթե ես ասեմ, որ մենք Երեւան-Մարս արագընթաց գնացք պիտի գցենք…բնականաբար, մեր հեռահար ծրագրում կա, բայց պիտի նաեւ հասկանանք, որ այս պահին առավել ռեալ է, հիմա էլ մասնագետների հետ քննարկում ենք Աջափնյակի կայարանի հետ կապված, այստեղ ինչ-որ աշխատանք արված է: Բայց ասել, որ հիմա մենք ներկայացնելու ենք ծրագիր ամբողջ Երեւանը մետրոպոլիզացնելու, միգուցե ականջահաճո է, բայց մենք պիտի հասկանանք, որ պիտի հենվենք Երեւանի ռեալ հնարավորությունների վրա: Իհարկե, Աջափնյակի կայարանի հարցը այս պահին ակտուալ է, տարբեր մասնագետների հետ քննարկումներ ունենք՝ հենց այդ կայարանի հետ կապված»:

Հարցին՝ քաղաքապետի թեկնածուները քարոզարշավների ժամանակ միշտ խոստումներ են տալիս, թե՝ հենց դարձա քաղաքապետ, ամիսը 3-4 անգամ հասարակական տրանսպորտից եմ օգտվելու, դուք նման խոստում տալի՞ս եք, քանի՞ անգամ եք օգտվելու՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես նման խոստում չեմ տալու, որովհետեւ ես ամեն օր օգտվում եմ մետրոյից, ես ոտքով եմ գնում աշխատանքի եւ ոտքով եմ գալիս, 17 րոպեում հասնում եմ ԱԺ ոտքով: Եթե ցուրտ է եղանակը, գնում եմ մետրոյով: Այնպես որ, ես ամեն օր ոտքով գնում եմ, շաբաթ-կիրակի Հրազդանի ձորում էլ հեծանիվ եմ քշում: Ի դեպ, Հրազդանի կիրճի համար մենք շատ լուրջ ծրագիր ունենք, մտածում ենք հեծանվուղի նախատեսել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

22.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031