Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սևանում տեղեկատվություն ստացողների եռյակը գլխավորում են Լեհաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից  ժամանած զբոսաշրջիկները

Օգոստոս 23,2018 13:49

Արդեն 4-րդ տարին է` ինչ Սևանի թերկաղզու տարածքում ամռան ամիսներին տեղակայվում է զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակը, որը մոտ է զբոսաշրջային հոսքերին և առավել արդյունավետ գործունեություն է իրականացնում: «Bari Galust» ցուցանակը կրող գրասենյակը սպասարկում է տեղեկատվության կարիք ունեցող բազմազգ զբոսաշրջիկներին:

Տեղեկատվական շարժական գրասենյակ ունենալու գաղափարն առաջացել է դեռևս տարիներ առաջ, երբ ֆրանսիական Աֆրատ կազմակերպության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ շատ դեպքերում Սևանի տարածաշրջան այցելած զբոսաշրջիկները շրջանցում են Սևան քաղաքը, որտեղ գործում է տեղեկատվական գրասենյակ, նախընտրում են այցելել թերակղզու տարածք:

Փաստորեն, զբոսաշրջիկների մի ստվար մասը զրկվում է անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, միաժամանակ տեղեկատվական գրասենյակի աշխատակիցների գործունեությունը դառնում է ոչ լիարժեք:

Խնդիրը լուծելու համար ապակենտրոնացված համագործակցություն իրականացնող Սևանի և Գրենոբլի քաղաքապետարանների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Սևանի թերկաղզու հրապարակում 2015թ-ին հանգրվանեց շարժական գրասենյակ:

Անցած տարիների փորձը վկայում է, որ դա ոչ միայն արդարացված է, այլ նաև հնարավորություն է ընձեռում ունենալ որոշակի պատկեր զբոսաշրջիկների թվի, նրանց երկրների և նախընտրությունների վերաբերյալ:

Զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի փոխանցմամբ` իրենք տրամադրում են ինֆորմացիա գլոբալ առումով, որը ներառում է ողջ հանրապետությունը:

«Ցանկացած զբոսաշրջիկ կարող է լիարժեք ինֆորմացիա ստանալ Սևանա լճի շրջակայքում գործող հյուրանոցների, ռեստորանների, քոթեջների, տնակային տնտեսությունների, ռեստորանների, արագ սնման կետերի վերաբերյալ, տուրօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար իրենց իսկ ցանկության դեպքում կազմվում է տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզ, որով և նրանք պետք է շարունակեն իրենց շրջագայությունը ՀՀ այլ մարզեր: Տեղեկատվությանը զուգահեռ զբոսաշրջիկներին անվճար կարգով տրամադրվում են քարտեզներ, բուկլետներ, զբոսաշրջային ուղեցույցներ մի քանի լեզուներով»,- ներկայացնում է Դ. Թորոսյանը:

Գրասենյակն իր գործառույթների շրջանակներում զբոսաշրջիկների համար (ինչպես ներքին, այնպես էլ` դրսից ժամանած) կատարում է ամրագրումներ հյուրանոցներում, քոթեջներում, տնակային տնտեսություններում, ռեստորաններում, ցանկության դեպքում տրամադրվում է տաքսի, ամրագրվում են նաև ջրային տրանսպորտային միջոցներ:

Գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը տեղում կատարում է նաև գիդի գործառույթ` անվճար հիմունքներով:

Այս ամենին զուգահեռ ստեղծվում է նաև վիճակագրություն, համաձայն որի` այս տարվա հունիս ամսին զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակից օգտվել է 644 զբոսաշրջիկ, իսկ Սևանի թերակղզու ավտոկանգառի տարածք է ժամանել 18842  զբոսաշրջիկ:

 

Հուլիս ամսին տեղեկատվություն ստացողների թիվը եղել է 1404, իսկ թերկաղզու տարածք այցելածների թիվը` 40124:

Տեղեկատվական գրասենյակի պատասխանատուն, ամփոփելով արդյունքները, նշում է. «2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակից օգտվել է  2048 զբոսաշրջիկ, որից 447 ստացել է ընդհանուր տեղեկատվություն, իսկ 1601-ին տրվել զբոսաշրջային ինֆորմացիա: Կենտրոնի ծառայություններից օգտվող եվրոպացիներից ավելի ակտիվ են լեհերը`251, ֆրանսիացիները` 237, գերմանացիները` 181 եւ իտալացիները`100: Մեծ է նաև Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից օգտվող զբոսաշրջիկների թիվը»:

Զբոսաշրջիկների ժամանման երկրների ցանկը ընդգրկուն է` Շվեյցարիա,  Ֆինլանդիա, Չինաստան, Կորեա, Բելգիա, Դանիա, Իտալիա,  Իրան և այլն:

Տեղեկատվական գրասենյակում կատարված դիտարկումների արդյունքում Սևանից հետո շարունակվող հիմնական ուղղություններն են թվարկում. հիմնականում Սևանից հետո զբոսաշրջիկները շարունակել են իրենց ուղղությունը դեպի Դիլիջան (Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ), Վանաձոր, Ալավերդի (Դեբեդի կիրճ), Վրաստան, կամ Ծաղկաձոր, Նորատուս-Հայրավանք կամ հետդարձ Երևան:

«Մտահոգիչ է այն, որ մի քանի տարի առաջ սկիզբ առած բացասական նախադեպը շարունակվում է մինչ օրս. զբոսաշրջիկները երկար ժամանակով չեն այցելում և մնում Սևանում, այլ` այն ավելի հաճախ օգտագործում են որպես տարանցիկ զբոսաշրջային խաչմերուկ, որտեղ և լավագույն դեպքում գիշակացները չեն գերազանցում միջինը 1-2 օրը, այնինչ` նախկինում դրանց միջին տևողությունը 4-5 օր էր»,- եզրափակում է Դավիթ Թորոսյանը:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031