Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյանը բանավեճի է հրավիրում Հայկ Մարությանին, Նաիրա Զոհրաբյանին եւ Արտակ Զեյնալյանին. «Հրապարակ»

Օգոստոս 23,2018 12:53

Հարցազրույց ճարտարապետ, «Երեւանի հանրություն» նախաձեռնության Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի հետ։

– Տիկին Թարխանյան, «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը Ձեր թեկնածությունն է առաջադրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում, ովքե՞ր են ներկայացված նախաձեռնության մեջ, եւ ինչպե՞ս որոշեցիք գլխավորել նորաստեղծ դաշինքի ցուցակն ու հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։

– Երկար տարիներ, հասարակական տարբեր ծրագրերի շրջանակում մենք բոլորս  աշխատել ենք միասին եւ ամենակարեւորը՝ պայքարել ու պայքարում ենք Երեւանի խնդիրների համար։ Սա երկար տարիների փոխճանաչում է, եւ այդ վստահությունն էլ ձեռք է բերվել տարիների ընթացքում, օրինակ՝ Ավիացիայի ասոցիացիայի հետ մենք աշխատել ենք 2000-ից, պատկերացրեք քանի տարվա համագործակցության մասին է խոսքը։ Այսինքն՝ բնականոն ստացվեց մեր համագործակցությունը, որի արդյունքում ձեւավորվեց այն մոտեցումը, որ Երեւանն այսօր պետք է ներկայացվի հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք հանրության սերուցքն են։ Եթե նախկինում ընտրվում էին հասարակական գործիչներ, ովքեր լավագույն ձեւով ներկայացնում էին Երեւանի այս կամ այն բնագավառը եւ լավագույնս տիրապետում էին խնդիրներին, վերջին տարիների ընթացքում Երեւանը ներկայացվում է հիմնականում քաղաքական ուժերի կողմից, էլ չասեմ, որ նաեւ կառավարվել է քաղաքական ուժերի կողմից, ինչն իր հետքը թողել է, այսօրվա Երեւանի դեմքը հստակ փոխվել է, շատացել են քաղաքի խնդիրները, որոնք այսօր պետք է լուծել։ Մեր մոտեցումը սա է՝ անհրաժեշտ է նոր մասնագետներ գան, ովքեր ճանաչում են Երեւանի խնդիրները, ազատ կլինեն իրենց որոշումների մեջ, չեն իրականացնի այս կամ այն կուսակցության կամքը, որովհետեւ նախկինում էլ կուսակցությունները հասարակական գործիչներին ներգրավում էին իրենց ցուցակների մեջ, բայց հետո թելադրում էին իրենց կամքը։ Պետք է բոլորս ազատ լինենք որեւէ կուսակցական ուժի ցանկություններից, դրա համար որոշեցինք ձեւավորել անկախ նախաձեռնություն՝ դաշինք, որը կոչվում է «Երեւանի հանրություն», եւ այդ ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին։

– Քաղաքապետի պաշտոնին, փաստորեն, 9 թեկնածու է հավակնում, սուր մրցակցություն է սպասվում, կա ֆավորիտ թեկնածու «ՔՊ»-ից, որը Հայկ Մարությանն է, եւ կան մյուս քաղաքական ուժերը։ Դուք Ձեր եւ Ձեր դաշինքի շանսերն ինչպե՞ս եք գնահատում։

– Թե՛ իմ եւ թե՛ մեր դաշինքի շանսերը շատ բարձր եմ գնահատում։ Մեր համակիրներն են լինելու այն երեւանցիները, ովքեր մտահոգ են Երեւանի համար, ովքեր հասկանում են, տրամաբանում եւ, մասնագետ լինելով հանդերձ, հասկանում, թե ինչպիսի խնդիրներ ունի քաղաքը, եւ կուզենային տեսնել քաղաքի ռեալ փոփոխությունները։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա քարոզարշավը դեռ չի սկսվել։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է անպայման անցկացնել դեբատներ եւ դեբատների ընթացքում հասկանալ՝ ով եւ ինչպիսի կարողություններ ունի, որովհետեւ բացի մասնագիտական փորձից, որը շատ կարեւոր է, կա նաեւ պրոֆեսիոնալիզմ՝ կապված խնդրի լուծման հետ, որովհետեւ այսօր անհրաժեշտ է արագ կողմնորոշվել եւ կարողանալ լուծումներ գտնել կարճ ժամկետների մեջ։ Իսկ կարճ ժամանակացույցն իր դերն է խաղալու ցանկացած թեկնածուի համար, մի բան է, երբ մասնակցում ես ընտրություններին, մի այլ բան, երբ կառավարում ես համայնքը, որը կայացած է իր ինքնակառավարման մեջ, եւ այլ բան է, երբ դու փաստացի զրոյից փորձում ես ձեւավորել համայնքի ինքնակառավարման մարմինները։ Դա բավականին լուրջ ճնշում է լինելու բոլոր թեկնածուների վրա, որոնք հետագայում կարող են դառնալ քաղաքապետ։ Այդ դեբատների ժամանակ մենք կհասկանանք, թե ով է ավելի պատրաստ քաղաքապետ լինելու, իսկ համայնքը՝ երեւանցիները, պետք է ընտրեն ավելի պատրաստված մարդու՝ իրենց ինքնակառավարման իրավունքն իրականացնելու համար։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031