Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թմրանյութերի ազդեցության տա՞կ. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 23,2018 12:14

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործը շատով կուղարկվի դատարան։ Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք- զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու համար։

Գործով նախաքննությունն ավարտվել է մի քանի օր առաջ, այսօր գործի նյութերին ծանոթանալու վերջնաժամկետն է։

Տեղեկացանք, որ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ եւս մեկ քննչական գործողություն է իրականացվել, նա առերեսվել է նաեւ իր դեմ ցուցմունք տված մտերիմ ընկերոջ՝ Արթուր Ղեւոնդյանի հետ։ Վերջինս Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկն է։ Նշենք, որ Արթուր Ղեւոնդյանն այն անձն է, որն իր վրա էր վերցրել 2007 թ. տեղի ունեցած հանցագործությունը՝ նշելով, որ ինքն է անզգուշաբար կրակոցներ արձակել Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ։ Սիմոնյանը, հիշեցնենք, ընտրություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ անգամ ընտրախախտումներ կատարելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, աջակցել է Սարգսյաններին։

Հայկ Սարգսյանը առ այսօր ցուցմունք չի տվել, ըստ պաշտպանի՝ պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի պարզաբանել մեղադրանքի էությունը։ Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը (լուսանկարում)։

– Պրն. Սարգսյան, նախաքննության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, այն այսքան շուտ ավարտելու հետ կապված խնդիր տեսնո՞ւմ եք։

– Իրականության մեջ այնպես չէ, որ լուրջ անելիք չկար այդ քրեական գործով, շուտ կամ ուշ ավարտելու մեջ խնդիր չեմ տեսնում, բայց քննության ընթացքի առումով խնդիրներն ակնհայտ են՝ հենց այն պահից, երբ քրգործը նոր երեւան եկած հանգամանքով հարուցվեց սպանության փորձի դեպքի առթիվ, հետո մեղադրանք առաջադրվեց սպանության փորձի համար։

Եթե որեւէ մեկը քրեական գործի նյութերի հիման վրա գա եզրահանգման, որ Հայկ Սարգսյանն է կրակոց արձակողը, ապա այստեղ բացարձակապես սպանության փորձի մասին խոսք լինել չի կարող։ Բոլոր ցուցմունքները, հանգամանքները վկայում են, որ այստեղ պատահական կրակոց է եղել, այդ մասով բազմաթիվ ապացույցներ կան։ Սպանության փորձով մեղադրանք առաջադրվեց, որովհետեւ սպանության փորձից ավելի ցածր, ավելի մեղմ ցանկացած հոդվածով հանցագործության համար վաղեմության ժամկետները լրացել են։ Այսինքն եթե օբյեկտիվ որակում տային Հայկ Սարգսյանի արարքին, ապա արդեն շատ վաղուց քրեական գործը պետք է գոնե վաղեմության հիմքով կարճված լիներ։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչ- ինչ հանգամանքներից ելնելով՝ այս պահի դրությամբ նման մեղադրանք է առաջադրված, որպեսզի վաղեմության ժամկետ նրա վրա չկիրառվի։ Առավել խնդրահարույց էր կալանավորումը։ Հայկ Սարգսյանը 7 օր գտնվեց ազատության մեջ, որից 4 օրը ծանուցագրով ներկայացավ հարցաքննություններին ու առերեսումներին, եւ դրանից հետո հանկարծ որոշեցին, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը այլեւս չի կարող պատշաճ վարքագիծ ապահովել եւ հիմա պետք է կալանավորվի։ Կալանավորումը եւս վկայում է, որ այս քրեական գործով կոնկրետ ուղղորդված քննություն է իրականացվում։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031