Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սևանից այս տարվա համար ջրի բացթողնման չափաքանակ սահմանել մինչև 210 մլն խմ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ հավելյալ ջրառը կազմելու է մինչև 40 մլն խմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա կառավարության նիստի օրակարգում եղած ամենաանցանկալի հարցերից մեկն է. «Գիտեք, որ արդեն կառավարությունը մի քանի անգամ քննարկել է այն իրավիճակը, որը մեր ոռոգման համակարգում ստեղծվել է: Եվ մենք խնդիր ունենք ամեն ինչ անել, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա: Ըստ էության, շատ բուռն քննարկումներ եղան, դրանց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել»:
Նա կրկնեց, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա, եւ, ցավոք, ոռոգման համակարգն այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում, պետք է համակարգում գնալ լրջագույն լուծումների, որպեսզի հասկանալի լինի, թե որքանով է իրականությանը համապատասխանում ՀՀ-ում ջրային մաֆիայի գոյության տեղեկությունը: «Եթե այդ ջրային մաֆիան գոյություն ունի, շատ արագ պետք է կապիտուլյացիայի ենթարկվի»,- հայտարարեց վարչապետը եւ նշեց, որ քննարկումների արդյունքում որոշվել էր, որ Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն չի լինի: Բայց հետագա քննարկումների ընթացքում պարզվել է, որ այդ անհրաժեշտությունը կլինի: Վերջին քննարկման ժամանակ քննարկման մասնակիցները բաժանվել են երկու մասի: Մի մասը պնդել է, որ հավելյալ ջրառ չպետք է իրականացվի, մյուս մասը պնդել է, որ առանց լրացուցիչ ջրառի գյուղատնտեսության համար աղետալի իրավիճակ կստեղծվի: Փաշինյանն ասաց, որ թեպետ իրենք որոշել են նման որոշում կայացնել, բայց մյուս կողմից կստեղծեն օպերատիվ խումբ, որը կվերլուծի իրավիճակը: «Եթե կա որևէ գործնական հնարավորություն՝ սեզոնը փակելու առանց այս հավելյալ 40 մլն խմ-ին կպնելու, պետք է գնալ այդ ճանապարհով: Բայց եթե պարզվի, որ բերքը ոչնչանում է, պետք է այդ հավելյալ ջրբացթողումը լինի: Մենք պետք է շատ լուրջ լուծումների գնանք, պետք է մենք ջրի ամեն խմ օգտագործումը պատկերացնենք և հետևենք, թե ոնց է դա օգտագործվում»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ եթե հնարավոր լինի, պետք է մինչև 25 մլն խմ հավելյալ չափաբաժնի շրջանակներում կազմակերպեն ոռոգման աշխատանքները:
Կառավարության նիստին Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարեց միանալ օպերատիվ խմբի աշխատանքներին, որպեսզի պատշաճ վերահսկվի իրավիճակը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ