Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանրամասներ Գյումրու տնտեսագիտականի կոռուպցիոն սկանդալի մասին․ Շիրակի դատախազի տեղակալի պարզաբանումը (տեսանյութ)

Օգոստոս 23,2018 12:00

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ «2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի թվով 24 ուսանողներ ԲՈՒՀ չեն հաճախել, չեն մասնակցել ուսումնական դասընթացներին, սակայն փոխադրվել են հաջորդ կուրս: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, համաձայն որոնց ՀՊՏՀ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի լաբորանտը և ուսումնական մասի գլխավոր մասնագետը, համալսարանի նախկին ռեկտոր Ս. Դ.-ի հորդորով, 2014-2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներում ԲՈՒՀ-ի մի շարք ուսանողներից ուսումնական տարվա կիսամյակային և ավարտական քնություններին դրական գնահատականներ նշանակելու համար վերցրել են տարբեր չափի՝ 60 հազարից մինչև 130 հազար ՀՀ դրամ գումարներ և տվել ռեկտոր Ս.Դ.-ին: Վերջինս յուրաքանչյուր ուսանողից վերցրած ընդհանուր գումարի դիմաց իրենց է տվել 10000-20000 ՀՀ դրամ»։

Շիրակի մարզի դատախազի տեղակալ Վահե Միզոյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործը, մեկ անգամ ևս ներկայացնելով այս ամենը, նշեց, որ փաստական տվյալները ձեռք են բերվել ուսանողների ու բուհի աշխատակիցների տված բացատրությունների հիման վրա։

Aravot.am-ի հարցին՝ ո՞ւմ բողոքով է բացահայտվել ենթադրյալ կոռուպցիոն սկանդալը, Վահե Միզոյանն ասաց․ «Բուհի աշխատակիցների կողմից տրվել են գրավոր հաղորդումներ, բացատրություններ, ես նորից նշեմ, նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար հիմքեր ձեռք բերվել են քրեական գործ հարուցելու և նշված գումարներից, որոնք բուհի աշխատակիցները տրամադրել են պարոն Դավոյանին, յուրաքանչյուր տրամադրած գումարի դիմաց ստացել են 10-20 հազարական դրամ, այսպես ասած ծառայության մատուցման դիմաց»։

Որտե՞ղ են գտնվել դասի չհաճախած ուսանողները՝ արտերկրո՞ւմ, թե՞ ՀՀ-ում, դատախազն ասաց․ «Դրանք նյութերի նախապատրաստման ընթացքում ստուգվել են, և այդ հանգամանքը քրեական գործի քննության ընթացքում առավել ծավալուն, առավել բազմակողմանի կուսումնասիրվի, քննության առարկա կդառնա»։

Սամսոն Դավոյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը գտնում է, որ դատախազության տարածած հաղորդագրությամբ խախտվել է անմեղության կանխավարկածը, իր պաշտպանյալը կարգավիճակ չունի, սակայն տեքստը պատրաստի մեղադրանք է նրա հանդեպ։ Բացի այդ, քրեական գործն անակնկալ է եղել Սամսոն Դավոյանի համար, նա ծանուցում չի ստացել ու չի հրավիրվել ոստիկանություն հարցաքննության։

Լրագրողներից մեկը, փոխանցելով փաստաբանի խոսքը, դատախազի տեղակալին հարցրեց, թե՞ սա թերություն չէ, որ առանց նրա բացատրությունները լսելու քրգործ է հարուցվում։

«Քրեական գործի շրջանակներում համապատասխան ծանուցում կուղարկվի քննիչի կողմից, կհրավիրվի և համապատասխան կարգավիճակով կհարցաքննվի պարոն Դավոյանը։Գործ հարուցելու համար կան բավարար հիմքեր, բավարար տվյալներ ձեռք բերվել են առերևույթ հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ, հարուցվել է քրեական գործ, առանց հիմքերի քրեական գործ չի հարուցվի։ Անմեղության կանխավարկածը չի խախտվել, ընդամենը քրեական հետապնդում է սկսվել»,-ասաց Վահե Միրզոյանը։

Դատախազը նաև տեղեկացրեց, որ խոսքը մեկ միլիոնը գերազանցող գումարի մասին է։

«Դեռ վաղ է խոսել մեղադրանքի մասին, նախաքննությունը ցույց կտա՝ արդյո՞ք կան բավարար ապացույցներ մեղադրանք առաջադրելու, նշված անձանց նշված հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով կպարզվի՝ կա՞ բավարար ապացուցողական բազա մեղադրանք առաջադրելու, թե՞ չկա։ Մենք քրեական գործ հարուցել ենք և՛ կաշառք ստանալու, և՛ կաշառք տալու, և՛ կաշառքի միջնորդության համար, այսինքն՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու, 312-րդ հոդվածի՝ զգալի և խոշոր չափերով կաշառք տալու, իսկ 313-րդ հոդվածը կաշառքի միջնորդություն՝ պաշտոնական դիրքը օգտագործելու համար», -ասաց դատախազը։

Վահե Միրզոյանի պարզաբանումներն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անանուն says:

    թող նաև չմոռանան, կեղծված դիսերտացիանները (մինիմումը 7000$), դասախոսների անունով գրված բայց չվճարված աշխատավարձները, արտասահմանյան գործուղումների ու շենքի բազմաթիվ “վերանորոգումների” վրա ծախսված միլլիոները

  2. Wert says:

    Դավոյանի հանցանքները բացահայտելու համար պտի ԱԱԾ տանեն և քննեն մարզի հհկ օֆիսի մամուլի քարտուղարին։լիքը բան կիմանան իրանից.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031