Տավուշի մարզի Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ 0+000 – կմ 5+587 (5,587 կմ) և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ 0+000 – կմ 4+540 (4,54 կմ) ճանապարհահատվածները վերանորոգվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։
Աշխատանքները մեկնարկել են 2018թ. մարտին։ Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբերին, Մովսես-Չորաթան-Նորաշեն ճանապարհահատվածի վերանորոգումը՝ դեկտեմբերին։ Այս պահին Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների կատարման ֆիզիկական առաջընթացը կազմում է մոտ 70 տոկոս, Մովսես-Չորաթան-Նորաշեն ճանապարհահատվածում՝ մոտ 60 տոկոս։
Դիտարկելով կատարվող աշխատանքների ընթացքը՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի պատասխանատուները նշում են, որ աշխատանքներն իրականացվում են ծրագրին համապատասխան և կավարտվեն սահմանված ժամկետներում։ Այս պահին 4,54 կիլոմետրանոց ճանապարհահատվածի 3,364 կմ հատվածի երթևեկելի մասն ամբողջությամբ վերակառուցված է. ասֆալտապատումն ավարտված է։ Իսկ մյուս ճանապարհահատվածում ամբողջությամբ ավարտված է 3,2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հատվածների երթևեկելի մասի վերակառուցումը։ Նշված ճանապարհահատվածների վրա կատարվել են նաև հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, գաբիոնային շարվածքով ներքին հենապատի, մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ