Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար անցյալի ստվերների դեմ

Օգոստոս 23,2018 10:03

Այսօրվա քաղաքական օրակարգը թելադրում են կոռուպցիոն բացահայտումները, խոշոր գումարների հայտնաբերման մասին իրավապահների հայտարարությունները, ձերբակալությունները, խափանման միջոցները, գրավների չափերը եւ այլն, ինչպես նաեւ դրանցից բխող՝ «նախկին իշխանություններին» ուղղված մերկացնող ճառերը: Ոչ միայն վարչապետի շրջապատը, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Ելքը», այլեւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը կենտրոնացել են ՀՀԿ-ի եւ Քոչարյանի դեմ պայքարի վրա։ Նման «ռետրոսպեկտիվ» պայքարն արդարացվում է վերջիններիս «ռեւանշիստական նկրտումներով», որոնք, իհարկե, հնարավոր են, բայց, իմ կարծիքով՝ անարդյունավետ եւ անիմաստ:

Բայց մյուս կողմից համաձայնեք՝ անցյալի ստվերների դեմ պայքարելը շատ հարմարավետ քաղաքական դիրքորոշում է: Դու չես ասում, թե այս կամ այն ոլորտի խնդիրն ինչպես պետք է լուծվի, ոչ մի գաղափար առաջ չես քաշում, չես ասում, որ այսինչ բանը այսօր պետք է արվի, բայց չի արվում, այլ սահմանափակվում ես նախկին նախագահներին, գեներալ Մանվելին, Սաշիկին, Վաչոյին եւ մնացածներին «քլնգելով»՝ զբաղմունք, որը մի կողմից՝ ականջահաճո է, իսկ մյուս կողմից՝ անշառ: Այդ ոճով է, հավանաբար, կառուցվելու բազմաթիվ կուսակցությունների քարոզչությունը Երեւանի ավագանու եւ գուցե խորհրդարանական ընտրություններում՝ «աջակցում ենք հեղափոխությանն ու կառավարությանը եւ խստորեն դատապարտում ենք ՀՀԿ-ին ու Քոչարյանին»:

Բայց կառավարությունը, վստահ եմ, կարիք ունի ոչ միայն աջակցության (չնայած, ինձ թվում է, պետք է աներկբայորեն աջակցել փոփոխություններին), այլեւ քննադատության՝ համատարած հրճվանքը ոչ մի լավ բանի չի բերի: Քաղաքական ուժերից ո՞վ է հիմա քննադատում կառավարությանը՝ ՀՀԿ-ն եւ քոչարյանականնե՞րը: Բայց նրանց քննադատությունը, ինչպես ասում են, եղած-չեղած նույնն է: Որովհետեւ այդ քննադատություններին միշտ կարելի է պատասխանել՝ բա ձեր ժամանակ ինչպե՞ս էր: Եվ այդ փաստարկը հիմնազուրկ չէ. նախկին իշխանավորները, սկսած ՀՀՇ-ից, միայն աթոռները կորցնելուց հետո են դառնում հավատավոր դեմոկրատներ՝ մոռանալով, թե ինչ էր կատարվում իրենց օրոք:

Այսպիսով, քաղաքական ուժերը դիրքավորվել են անցյալի ստվերների դեմ պայքարի հարմարավետ «խրամատում»: Իհարկե, նման իրավիճակն էլ է ժամանակավոր: Հարց է սակայն, արդյոք դա շարունակվելու է մինչեւ խորհրդարանական ընտրությունները, թե՞ նոր ընդդիմությունն ի հայտ կգա մոտակա ամիսներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Հարց է սակայն, արդյոք դա շարունակվելու է մինչեւ խորհրդարանական ընտրությունները, թե՞ նոր ընդդիմությունն ի հայտ կգա մոտակա ամիսներին:»
    Կարծում եմ՝ պատասխանն ավելի քան ակնհայտ է. եթե ժողովուրդը «կերակրվում է» բացահայտումներով, և բավարարված է դրանով, իսկ դա հաստատ կտևի մինչը մյուս մայիս, ապա ինչ իմաստ ունի գնալ ընդդեմ վարչապետի և հենց ժողովրդի:

  2. Լավատես says:

    Նախորդ կառավարությունը միանգամայն արժանի է նախորդ ժողովրդին, այսօրվա ժողովուրդը նախորդը չէ, մի քիչ էշական կթվա, բայց ես օրինակ կզրկեի երեսունն անց քաղաքացիներին ընտրական իրավունքից՝ որքան մեր կաշառակեր ու ուրիշների հանդեպ նվաստ նախկին իշխանություններն էին անորակ, այնպես էլ նրանց ժամանակվա ժողովուրդը՝ չհաշված իհարկե իսկական հայերի, որոնք հայերի մեջ որոշիչ տոկոս չէին կազմում:

  3. Ruben says:

    «Խոշոր» գումարների հայտնաբերման մասին իրավապահների հայտարարությունները մանրուք են: Ինչու՞ եք վախենում հարցնել մեծ գումարների դուրս բերման մասին կենտրոնական բանկի ղեկավարին: Ամենակարեւոր ու հին ՀՀՇ/ՀՀԿ «վետերանը» մնաց անփոխարինելի: Փաշինյանի դուխը չհերիքե՞ց, թե՞տիրոջ մատն է խառը:
    Ձերբակալությունները, խափանման միջոցները, գրավների չափերը եւ այլն աչքկապոցի է: «Գեներալ» Մանվելը, Սաշիկը, Վաչոն կամ ձեւի համար կնստեն եւ վաղաժամ դուրս կգան ինչ որ մի տոնի պատվին, կամ Վանոյի նման կֆռֆռան ինտերպոլի քթի տակ Եվրոպայում:
    Վարչապետը, վարչապետի շրջապատը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ելքը», եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ժողովրդի ուշադրությունը կենտրոնացրել են ՀՀԿ-ի եւ Քոչարյանի դեմ պայքարի վրա՝ էլ բան ու գործ չունեն: Պարապ վախտի խաղալիք ջահելության համար: Անցյալի ստվերների դեմ «պայքարելը» ԼՏՊ-ից սովորեցին:
    Այս կամ այն ոլորտի խնդիր լուծելու համար խելք է պետք ունենալ, որը բացակայում է երիտասարդ եւ անմիտ կառավարության անդամների մոտ: Նույն պատմությունը մենք արդեն տեսել ենք 90-ականների սկզբին:
    Նման զանգվածային խոշոր «դուխով» պարպիչ (громоотвод) դեռ չի եղել:
    30 տարի կորցրինք ԼՏՊ-ի, Ռոբիկի ու Սերոժի շնորհիվ, դէ մի 30 տարի էլ ջահելությունը «դուխով» կկորցնի next-ԼՏՊ-ի շնորհիվ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031