Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանապետ. «Իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կոռուպցիան բացակայում է իմ ղեկավարած կառույցից»

Օգոստոս 23,2018 15:30

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես վստահեցնում եմ, ոստիկանությունում կոռուպցիա չկա, պաշտոնապես եմ հայտարարում, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսեւորումներ, չնայած չեմ բացառում, որ իմ այստեղ գտնվելու պահին, ինձ անհասկանալի պայմաններում, որեւէ մեկը նման փորձ անի, եւ վստահեցնում եմ, որ կդատապարտվի»:
Հարցին, թե սպասվո՞ւմ է ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացում, ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ խնդրին լավատեղյակ է ՀՀ վարչապետը: Ըստ էության, ոստիկանների աշխատավարձը պայմանավորված է տնտեսական աճով. «Բարձրաձայնել եմ հարցը, վարչապետը տեղյակ է, եթե տնտեսական աճ լինի, այդ դեպքում, իհարկե, աշխատավարձերը կբարձրանան: Նշում եմ՝ այնպես չէ, որ կոռուպցիան համատարած էր: Մենք ունենք լուրջ մասնագետներ, ովքեր պատրաստ են ծառայել ի շահ մեր պետության»:

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին մեկնելու է Տավուշի մարզ՝ մարտական դիրքեր: Այս կապակցությամբ ոստիկանապետն ասաց. «Վստահում եմ լիարժեք մեր զինված ուժերին, հայ զինվորին, որը պաշտպանում է մեզ բոլորիս, ուղղակի վարչապետից հանձնարարական ստացա ուսումնասիրել: Քանի որ ներկայիս իրավիճակում ոստիկանության զորքերի գործառույթների կարիք չկա հանրապետությունում, Երեւանում, ուսումնասիրելուց հետո առաջարկություն ներկայացրի ոստիկանության զորքերի հրամկազմին ու ամբողջ անձնակազմին: Վստահեցնում եմ ձեզ, ընդունվեց միաձայն, անգամ կանայք, աղջիկներ, որոնք ծառայում են ոստիկանության զորքերում, ինձ մեղադրեցին՝ ինչու չեմ իրենց էլ ներգրավում այդ գործընթացում»:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՊՊԾ գնդի գործով մեղադրվողների նկատմամբ խափանման միջոցները փոխելուն, ոստիկանապետն ասաց՝ «Համարենք, որ ոմանք կալանքի ընթացքում իրենց պատիժը կրել են»:
Հարցին, թե ոստիկանապետն իրեն պատանդ համարո՞ւմ է, Օսիպյանն ասաց՝ «Այո»:

ՀՀ ոստիկանապետության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները, հայտնեց, որ մայիսի 10-ից օգոստոսի 20-ը ոստիկանությունը բացահայտել է 1200 ծանր եւ 150 առանձնապես ծանր հանցագործություններ: Դրանցից 42-ը` սպանության, 400-ը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր էին: Ըստ էության, հանցավորության աճը կազմել է 12,3 տոկոս:
«Հաշվետու շրջանում ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 110 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 68 ծառայող: 6 հոգի ազատվել է ոստիկանությունից: Նախաքննական մարմիններ է ուղարկվել 34 նյութ, որոնցից 25-ով հարուցվել են քրեական գործեր: Քրեական հետապնդման ենթարկված անձանց մեջ զգալի թիվ են կազմում ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբի պաշտոնյաները, այդ թվում՝ ոստիկանության կենտրոնական ապարատից»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Նա տեղեկացրեց, որ 100 օրվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում անցկացվել է 30-ից ավելի աուդիտ, արձանագրվել են մոտ 203 միլիոն դրամի ֆինանսական խախտումներ: Վերականգնվել է պետությանը հասցված վնասի շուրջ 44 միլիոն դրամը:

Ըստ շտաբի պետի, զուգահեռաբար աշխատանքներ են կատարվել բյուջետային ծախսերի նպատակայնությունը բարձրացնելու, ոստիկանությանը հատկացված նյութատեխնիկական միջոցներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Արդյունքում տնտեսվել է շուրջ 67 միլիոն դրամ:
Հաշվետու շրջանում ընթացք է տրվել հանցագործության մասին 13.215 հաղորդման, 2017 թվականին՝ 9.730. աճը 35,8 տոկոս է:
100 օրվա ընթացքում hայտնաբերվել է կաշառակերության գրեթե նույնքան դեպք, ինչքան նախորդ ողջ տարվա ընթացքում կամ 2015-2016 թվականներին՝ միասին վերցրած: Ինչ վերաբերում է քաղաքացիների հետ ուղղակի շփումներին, նրանց դիմումներին, շտաբի պետը հայտնեց, որ ընթացք է տրվել 13 218 դիմումների:

Խոսվեց նաեւ ՃԵԿ տուգանքների համաներման մասին. մոտ 150 000 մարդ համաներվել է, ազատվել գումարներ մուծելու պարտականությունից:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

22.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031