Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կրեմլում կհարմարվեն Փաշինյանին, բայցեւ կաշխատեն բոլորի հետ

Օգոստոս 23,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մոսկվան հակառուսական նոր ալիքի հիմքեր չի դնի Հայաստանում

Վարչապետության պաշտոնը ստանձնելիս անմիջապես հայ-ռուսական հարաբերությունները առաջնային համարելով՝ Փաշինյանը հետեւողականորեն դրանք նորմալ հունով ընթացող հարաբերություններ էր ներկայացնում՝ դրանք զարգացնելու անհրաժեշտության մասին շեշտելով: Սակայն հայաստանյան աղմկահարույց մի քանի գործընթացներից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը գոնե ռուսական կողմի ունեցած որոշակի վերաբերմունքի մասին փաստեց:

Հուլիսի վերջին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղղակի հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ «Երբ Հայաստանում այս տարվա մայիսին քաղաքական ճգնաժամ էր, մենք մեծ գոհունակությամբ նշում էինք, որ ի վերջո այդ ճգնաժամի հանգուցալուծումը գտնվեց բոլոր քաղաքական կուսակցությունների միջեւ փոխզիջման արդյունքում։ Հուսով էինք, որ հիմնվելով նման արդյունքի վրա՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, նոր իշխանությունը, այսուհետ կառաջնորդվեն համախմբող մոտեցումներով, կամրապնդեն ազգային միասնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խաթարում են այս դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով»,-ասել էր Լավրովը։

Լավրովը նաեւ ընդգծել էր՝ «Ռուսաստանը, որպես Երեւանի դաշնակից, մշտապես շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, այդ իսկ պատճառով՝ այնտեղ կատարվող իրադարձությունները չեն կարող մեզ չմտահոգել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների բնականոն գործունեության տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»։ Ապա` նա հույս էր հայտնել, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը կառուցողական լուծում կստանա. «Վերջին օրերին մենք մի քանի անգամ փոխանցել ենք մեր այս մտահոգությունները Հայաստանի իշխանություններին։ Ակնկալում ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կգնա կառուցողական ճանապարհով»։

Հիշեցնենք, որ այս հայտարարությունից առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու գործով մեղադրվել էին նաեւ 2008-ին պաշտպանության փոխնախարար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Պաշտոնական Երեւանը հայտնել էր, որ նախաձեռնում է ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու գործընթաց։

«Սառը ցնցո՞ւղ» էին Մոսկվայի համար Փաշինյանի կառավարության քայլերը: Անկասկած՝ այո: Մոսկվան, թերեւս, չի կարող թույլ տալ նախկիններին «հանձնելու» նոր ավանդույթի ձեւավորում եւ իր լռությամբ նոր նախադեպերի ստեղծում հետխորհրդային տարածքում:

Պաշտոնական Երեւանին մնաց միայն այս կերպ արձագանքել Լավրովի բավական կոշտ հայտարարությանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր՝ «Մենք հետեւում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով»: Ապա հավելել. «Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։ Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետեւում ենք հռչակված ուղեգծին»։
Մի քանի օր անց նաեւ Փաշինյանը արձագանքեց Լավրովի հայտարարությանը՝ նկատելով. «Սա նոր իրավիճակ է, մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է»։

Որքան էլ Հայաստանում լինեն ուժեր կամ գործիչներ, որոնք վստահաբար կցանկանային, որպեսզի ներկայիս Ռուսաստանը չադապտացվեր նոր Հայաստանին, այսուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ անվստահության որոշակի էլեմենտների պահպանման պարագայում էլ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սուր լարում հազիվ թե արձանագրվի:

Այլ հարց է, թե ստեղծված որոշակի անորոշությունից ներսից ու դրսից օգտվելու ցանկություն ունեցողներն ինչպես իրենց կդրսեւորեն:
Բոլորովին պատահական չէ, որ այս օրերին Ադրբեջանում սկսել են դիտարկել ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը: «Աշխարհագրական այս նոր պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը»,- օրերս հայտարարել է ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Գուսեյնովը։

Բաքվից ուղիղ ասում են՝ եթե Ադրբեջանը միանա ՀԱՊԿ-ին, ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի համար կվերածվի նույն կազմակերպությանը անդամակցող իր երկու գործընկերների միջեւ հակամարտության, ինչը թույլ կտա Մոսկվային ավելի ակտիվ գործել: Գուսեյնովն, օրինակ, պարզաբանել է, թե ՀԱՊԿ-ին անդամակցում են երկրներ, որոնք միանշանակ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, պահանջում են ադրբեջանական հողերի վերադարձը, հետեւաբար՝ Բաքվի համար ձեռնտու է անդամակցությունը ռազմաքաղաքական այս կազմակերպությանը, քանի որ, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանը կկարողանա ռուսական զենքը գնել ներքին գներով, ինչպես դա Հայաստանն է անում:

Ռուսաստանից էլ որոշ մեկնաբանություններ իրենց հերթին փաստում էին, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի համար հայաստանյան իրադարձությունները, մեղմ ասած՝ այնքան էլ դուրեկան չեն: Ի հայտ եկան հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ դնող հրապարակումներ:

Հիշեցնենք «Независимое военное обозрение» պարբերականի հոդվածագրի «առաջարկը», թե՝ «Իսկ գուցե ավելի հե՞շտ վարվել, ասենք՝ վարկով չվաճառել ժամանակակից զենք (վարկը, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադառնում տնտեսական պատճառներով), այլ այն մատակարարել գումարի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ կլինի ազնիվ. առանց նեղանալու»: «Վարկառու՝ սպառազինությունը գնող երկիրն այդ դեպքերում դիտարկվում է, եթե ոչ դաշնակցի, ապա՝ շատ մտերիմ գործընկերոջ ընկերոջ կարգավիճակում: Հենց այդպիսին էր Հայաստանը համարվում Ռուսաստանի համար՝ երկար տարիներ», ասվում էր «Независимая газета»-ում հրապարակված, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական գործակցության թեմայով հոդվածում:

Հոդվածագիրը շեշտում էր. «Երեւանը Մոսկվայից ստանում է տնտեսական, ռազմական (այդ թվում՝ ռուսական ռազմակայանը), քաղաքական օգնություն: Կրեմլի դիրքորոշումը հստակ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Հենց այդ պատճառով ոչ մեկի համար զարմանալի չէր փաստը, որ 2015թ. Ռուսաստանը համաձայնեց Հայաստանին սպառազինության գնման 200 միլիոն դոլարի վարկ տրամադրել… Ռուսաստանից ՀՀ-ին մատակարարված սպառազինությունը կօգնի կանգնեցնել հակամարտության սրացումը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը հասցնելով որոշակի հավասարակշռության: Բայց Երեւանի Մոսկվայի միջեւ ռազմատեխնիկական գործակցությունը ոչ բոլորին է դուր գալիս: ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցում ասվում է, որ կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կայուն ռազմականացումը, 2018թ. ՀՀ-ի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների»:

Այնուհետեւ հոդվածագիրը շարունակում էր. «Վարչապետը Ռուսաստանին մտերիմ դաշնակից է համարում, բայց հույս ունի հարաբերությունները զարգացնել նա ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ: Երեւանի դիրքորոշման փոփոխությունը, սակայն, շատ փորձագետներ նկատեցին: Ինչպե՞ս չնկատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը…: Ի՞նչ է ստացվում: Մի կողմից խոսում ես ՀԱՊԿ-ին հավատարիմ լինելու մասին, մյուս կողմից՝ ճաղերի հետեւն ուղարկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՞ն: Չէ՞ որ կարելի էր հարցը քննարկել ՀԱՊԿ մյուս անդամ-երկրների հետ, նախ դադարեցնել Խաչատուրովի լիազորություններն այդ պաշտոնում, հետո՝ հսկողության տակ առնել: Չէ՞ որ նման գործողությունները ՀԱՊԿ-ին հարվածում են այնպիսի ուժգնությամբ, որը հավասարազոր է կառույցի դեմ ուղիղ ագրեսիայի: Այս ամենով հանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարն էլ իր հերթին է ռուսական զենքը գովելիս ասում՝ «թե հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրագրված են շատ համաձայնագրերով, այդ փաստաթղթերում որոշակի դրույթներ վերանայելը բացառված չէ»:

Ի դեպ, երկու շաբաթ առաջ Մոսկվայում «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր սպառազինության թեմային, նշելով, որ հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը չի կատարվելու. «Ճիշտ չէ, որ ես մեկնաբանություններ անեմ՝ մանավանդ լրատվական միջոցների տարբեր հրապարակումներին, բայց կարող եմ ասել, որ այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են ՌԴ-ի հետ, մենք կատարելու ենք, երկկողմանի կատարվելու են»:

Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից ու Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումից հետո «Կոմերսանտ»-ում էլ ծավալուն հոդված հրապարակվեց այն մասին, թե Մոսկվային զայրացրել են հայաստանյան զարգացումները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, հարցականի տակ է նոր 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը: Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ավելի ուշ, սակայն, արդեն Հայաստանում հերքեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախնական պայմանավորվածության: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում»: «Իսկ վարկի մասով Դուք ի՞նչ տեղեկություն ունեք», – այս հարցին Ֆոմինն արձագանքել էր՝ «Ամեն ինչ աշխատում է»:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում անվստահության աստիճանն այս տարիներին բավական մեծացել է, այդ անվստահության գագաթնակետը ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Սա հստակ գիտակցում են Մոսկվայում: Փաշինյանի կառավարության նկատմամբ, եթե նույնիսկ առայժմ կա որոշակի անվստահություն Կրեմլում, ըստ ամենայնի, դա բավարար չէ, որպեսզի Մոսկվան հակառուսական նոր ալիքի ստեղծման հիմքեր դնի Հայաստանում: Բայց սա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները կարող են հատել Մոսկվայի համբերությունը եւ որ ՌԴ իշխանություններն էլ կհրաժարվեն այլ ուժերի հետ «աշխատել»:

Սկիզբը՝ այստեղ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 22.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031