Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահրամ Սարգսյան. «Արարատ» ակումբի նախագահը զբաղվում է իրականությունը խեղաթյուրելով»

Օգոստոս 23,2018 13:00

Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի եւ Բելառուսի բաց առաջնությունում հանդես եկող «Արարատ» ակումբի ղեկավարությունների միջեւ տարաձայնություններ կան: Ակումբի ղեկավարությունը դժգոհում է ֆեդերացիայից, որը, նրա խոսքով, ոչնչով չի աջակցում ակումբի առաջընթացին, ինչի հետեւանքով կարող է վտանգել ակումբի գոյությանը:

«Առավոտը» խնդրո առարկային ավելի ամբողջական ծանոթանալու նպատակով զրուցեց Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վահրամ Սարգսյանի հետ:

-Ե՞րբ եւ ի՞նչ նպատակով է ստեղծվել հոկեյի «Արարատ» ակումբը:

-Ակումբը 2014 թվականին Հայաստանում հիմնադրել ենք Միխայիլ Խաչատուրովը, ակումբի ներկայիս նախագահ Ռուբեն Ստեփանյանը, Արթուր Օհանյանը, ես եւ ֆեդերացիայի գործող նախագահ Սամվել Զախարյանը: Նպատակը եղել է հետագայում Հայաստանի ազգային հավաքական ձեւավորելը:

-Ակումբի նախագահը տարբեր հարթակներում դժգոհում է, որ մեր ֆեդերացիան ոչնչով չի աջակցում իրենց: Ավելին, ակումբը կարող է հայտնվել լուծարման եզրին: Այս մասին ի՞նչ կասեք:

-Հիմնադրման հաջորդ տարվանից ակումբը ցանկություն է հայտնել հանդես գալ Բելառուսի բաց առաջնությունում, ինչին ֆեդերացիան աջակցել է եւ արդեն երեք տարի համաձայնության մասին պաշտոնական նամակ է ուղարկում Բելառուսի ֆեդերացիա: Այս ամբողջ ընթացքում մենք միշտ ասել ենք, որ հաջորդ քայլը լինելու է հավաքականի ձեւավորումը: Դրա համար անհրաժեշտ է կատարել միջազգային ֆեդերացիայի երեք հիմնական պահանջ. հավաքականի անդամը պետք է ունենա տվյալ երկրի քաղաքացիություն եւ անձնագիր, երկու մրցաշրջան անընդմեջ մասնակցած լինի ազգային առաջնությանը եւ առնվազն երկու տարի այլ երկրի որեւէ հավաքականում ընդգրկված չլինի: «Արարատ» ակումբը մինչեւ այսօր այս երեք պահանջներին համապատասխանող ոչ մի մարզիկ չունի, քանի որ չի պահպանում կանոնները: Դրա փոխարեն պարոն Ստեփանյանն իր ցանկությունները, անձնական ծրագրերն ու շահերը իրականացնելու համար անընդհատ անօրինական պահանջներ է ներկայացնում, որոնց Հայաստանի ֆեդերացիան չի գնա: Հիմա նա ցանկանում է «Արարատը» տեղափոխել Ռուսաստանի երիտասարդական հոկեյի լիգա (MXL), որն ունի իր հստակ օրենքները, որոնցից ամենագլխավորին ակումբը չի համապատասխանում: Այնտեղ հստակ կետով նշված է, որ դրա համար ակումբը պետք է ունենա մեծահասակների թիմ, որը հանդես է գալիս Մայրցամաքային հոկեյի լիգայում (Խղխ): «Արարատը» մեծահասակների թիմ չունի, հետեւաբար, Խղխ -ին մասնակցելու իրավունք չունի: Սակայն խնդիրը ոչ միայն այն է, որ Ռուբեն Ստեփանյանը ֆեդերացիային ցանկանում է մղել կեղծարարության, ինչը բացառվում է, այլեւ ուզում է ստիպել, որ ֆեդերացիան ակումբի երաշխավորը դառնա՝ ապահովի անխափան մասնակցությունը Ռուսաստանի այդ բաց առաջնությանը, մի բան, որի հնարավորությունը Հայաստանի ֆեդերացիան բացարձակապես չունի: Դրանք հսկայական ծախսեր են Ռուսաստանի նման անծայրածիր երկրում: Եթե անգամ մենք երաշխավոր էլ դառնանք, ապա ոչ մի վստահություն չկա, որ պարոն Ստեփանյանը կկատարի իր երկրի ֆեդերացիայի առջեւ դրված պայմանները՝ մրցաշրջանի ինչ-որ մի փուլից չհրաժարվել մասնակցությունից, օրացուցային հերթական հանդիպմանը պարտադիր ներկայանալ կամ չուշանալ: Սրանք կանոնակարգային հստակ ձեւակերպված ու խիստ պահանջներ են, որոնք չկատարելու դեպքում տասնյակ հազարավոր դոլարների տուգանքներ են նշանակվելու երաշխավոր ֆեդերացիային: Էլ չեմ ասում ֆեդերացիայի հնարավոր որակազրկման մասին:

-Ասացիք, որ «Արարատ» ակումբը ստեղծել եք ազգային հավաքական ձեւավորելու նպատակով: Ինչո՞ւ մինչեւ այժմ հավաքական այդպես էլ չունենք:

-Հավաքական ձեւավորելու համար եւս կան միջազգային ֆեդերացիայի պարտադիր պահանջներ, որոնք նույնն են, ինչ քիչ առաջ ներկայացրի: Բայց ազգային առաջնություն անցկացնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն չորս թիմ: Երկուսը կա, երրորդը, թեեւ դժվարությամբ, կարելի է ստեղծել: Չորրորդը կարող է լինել «Արարատը», սակայն պարոն Ստեփանյանը պատճառաբանում է, թե մարզավիճակ պահպանելու համար իր հոկեյիստները պետք է խաղան դրսում:
Ներքին առաջնություն կազմակերպելու այլ խնդիրներ էլ կան: Խաղադաշտի բացակայությունը: Միակ խաղադաշտը վարձակալելու ուղղությամբ ֆեդերացիան աշխատանքներ կատարում է: Թիմերի հանդերձանքը, որը մենք պատրաստ ենք ապահովել: Բայց ամենակարեւորը, թերեւս, լավ մարզիչների բացակայությունն է: ԱՄՆ-ում եւ Կանադայում հայ լավ մարզիչներ կան, որոնք պատրաստ են առաջնություն լինելու դեպքում գալ եւ աջակցել ինչպես թիմերին, այնպես էլ մարզիչներին վերապատրաստելու գործում:

-Եթե թիմերի քանակը չի ապահովվում, հնարավոր չէ՞, ասենք, Հայաստանի եւ Բելառուսի բաց առաջնություն կազմակերպել:

-Կարելի է բանակցել: Բայց եթե «Արարատ» ակումբը ցանկանում է դուրս գալ Բելառուսի առաջնությունից, իմաստ չունի դրանով զբաղվել: Մինչեւ «Արարատը» հստակ չհասկանա իր անելիքը, մենք էլ՝ մերը, անիմաստ է այդ թեմայով Բելառուսի հետ բանակցելը:

-Ռուբեն Ստեփանյանը բողոքում է, որ ոչ ֆեդերացիան, ոչ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը չեն լուծում «Արարատի» հոկեյիստներին հայկական անձնագիր տրամադրելու հարցը:

-Սկզբում ասացի, որ ակումբը հիմնադրեցինք Հայաստանի հավաքական ունենալու ոգեւորությամբ: Բայց նրան ըստ ամենայնի հավաքականը չի հետաքրքրում: Այն ժամանակ թիմում հայ հոկեյիստների թիվը բավականին մեծ էր: Տարիների ընթացքում մեր հայրենակիցները տարբեր պատճառներով, որոնց մասին հիմա խոսել թերեւս պետք չէ, հեռացել են, եւ «Արարատը» հիմա համալրված է գլխավորապես բելառուսներով եւ ռուսներով: Մենք դեռ այն ժամանակներից Ռուբեն Ստեփանյանին բազմիցս ասել ենք, որպեսզի հոկեյիստների անձնական գործերն ուղարկի: Մինչեւ հիմա դեռ սպասում ենք: Նա ասում է, թե փաստաթղթերը 2014, թե 2015 թվականներին՝ հիմա լավ չեմ հիշում, իբր, ներկայացրել է Մոսկվայում Հայաստանի հյուպատոսություն: Մենք ոչ մի փաստաթուղթ չենք ստացել: Եթե ասում է, թե այդ հարցով զբաղվել է, ինչո՞ւ է փաստաթղթերը Մոսկվայի հյուպատոսություն ուղարկել, երբ Հայաստանը Բելառուսում դեսպանություն ունի:
Զրույցին միջամտեց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: «Ռուբեն Ստեփանյանի ասածները բացարձակ ապատեղեկատվություն են, սուտ: 2015 թվականից սպասում ենք, թե նա երբ է 11 հոկեյիստի (երկու հնգյակների եւ մեկ դարպասապահի- Ա. Հ.) փաստաթղթերը ներկայացնելու: Այն ժամանակ նախարարը ես էի: Անձամբ եմ այդ հարցով դիմել հանրապետության երրորդ նախագահին եւ համաձայնություն ստացել: Մինչեւ հիմա մենք ոչ մի փաստաթուղթ չենք տեսել: Օրերս նա Հայաստանում էր ու հերթական անգամ հանդիպեցինք նախարարի աշխատասենյակում: Ռուբեն Ստեփանյանին մեկ անգամ եւս բացատրեցինք, որ սպորտի պետական կառույցը հավաքականի համար է քաղաքականություն վարում, այլ ոչ թե ակումբի, այն էլ՝ դրսում հանդես եկող: Եվ եթե ցանկանում է, որ Հայաստանի հավաքական լինի, որի կազմում լինեն նաեւ իր հոկեյիստները, պատրաստ ենք գործընթացը սկսել, հենց փաստաթղթերը ներկայացնի: Եվ գիտե՞ք, թե նա ինչ առաջարկեց: Ասաց՝ դուք 2019 թվականի համար հավաքականի հայտերը հիմա տվեք, իսկ անձնագրերի հարցը հետո կլուծվի: Համաձայնեք՝ լուրջ չէ: Ինչպե՞ս կարելի է վստահել մի մարդու, որն արդեն երեք տարի իր խոստումներին տեր չի կանգնում», – ասաց Գաբրիել Ղազարյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

22.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031