Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարտակերտից Երեւան հանրահավաքի եկածի ձեռքին շշով ցուլի արյունն էր

Օգոստոս 23,2018 14:30

Մասիս Միքայելյանի հետ հանդիպումս վարչապետի օգոստոսի 17-ի հանրահավաքից մի քանի ժամ առաջ էր: Նա Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից եկել-հասել էր Երեւան, ձեռքին էլ պոլիէթիլենային շշով անասնաբուժական լաբորատորիա փորձաքննության տարվելիք իր պահած ցուլի արյունն էր: Մի քիչ արտասովորի տպավորություն գործած զրուցակիցս ասաց, թե ուզում է հանրահավաքին մոտենալ ՀՀ վարչապետին, իսկ խնդրանքն էլ հետեւյալն է. թույլ տան իրեն հանդիպել Արցախի նախագահի հետ:

Նա ասաց՝ գրավոր դիմել էր նաեւ Արցախի նախագահին, պետնախարարին, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին:
«13 անգամ դիմել եմ Արցախի նախագահին, 2 անգամ էլ Ազգային ժողովի նախագահին, 3 անգամ ոստիկանապետին, սակայն անարդյունք: Բանավոր դիմել եմ Արցախի վարչապետին, նույնպես արդյունքի չհասա, սակայն վարչապետ Ա. Հարությունյանն ասաց. «կգաս ընդունարան, Ժիրայր Միրզոյանի մոտ, կասես, քեզ կբերեն ինձ մոտ»: Գնացի, եկա, հերթապահն ասաց, թե Ա.Հարությունյանն ու Ժ, Միրզոյանը մարդ չեն ընդունում: Հասկացա, որ դիմումս տեղ չի հասել: Դիմեցի Հայաստանի նախագահին, Հայաստանի ոստիկանապետին, ԱԺ նախագահին»: Զրուցակիցս հայտնում է, թե գողացել են իր անասունները, իսկ իրենց հասկացնում են, թե իբր նա, եւ անցյալ տարի մահացած կույր, առաջին կարգի հաշմանդամ մայրը ուզում են Ղարաբաղում հեղաշրջում անել:

Զրուցակցիս եղբայրը՝ Աթանեսը, զոհվել է 1992թ. հուլիսին, Վաղուհասում:

«Զոհվածի ընտանիքին վախեցնում են, թե դավաճան եք, գյուղում ծրագրեր եք մշակում»,-«Առավոտին» ասում է Մասիսը:
47-ամյա զրուցակիցս, որն արցախյան պատերազմի մասնակից է, ներկայումս ապրում է առաջին կարգի հաշմանդամ հոր հետ:
Իսկ ի՞նչ նամակ ես գրել Բակո Սահակյանին հարցիս էլ՝ Մասիսը պատասխանում է. «Երբեք չեմ լքել ԼՂՀ տարածքը, սակայն որոշ պաշտոնատար անձանց կողմից անընդհատ հետապնդվում եմ, որի արդյունքում թե ոստիկանությունը, թե դատախազությունը ոտնահարում են իմ իրավունքները, անպաշտպան եմ զգում, ապրում վախի ազդեցության տակ: Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, զբաղվում եմ անասնապահությամբ, ունեմ տարբեր տեսակի անասուններ: Տարիներ շարունակ ինձնից գողացել են գոմեշ, մոզի, տասը ձի, ցուլ, երինջ, խոզ, կով, սակայն ոստիկանությունը գործնական քայլեր չի ձեռնարկում հանցավորին բացահայտելու ուղղությամբ: Միայն 2006-2018թթ.՝ 37 գլուխ տարբեր տեսակի կենդանիներ»:

Այս տարվա փետրվարի 27-ին գողացել էին նրա ցուլը, մոտ վեց հարյուր կիլոգրամ: Օգոստոսի 13-14-ին «ցուլը» հայտնվել է, որովհետեւ ահազանգ էր եղել ցուլի անհետացման մասին, Մասիսը զանգել էր ոստիկանություն, նաեւ գյուղապետին, որն ասել էր, թե ցուլը նրա ցուլն է: Մասիսը «ճանաչում» է իր պահած կենդանուն, նրա ականջին նշան կա, եւ երբ արյունը փորձել է փորձաքննության տանել, հրաժարվել են, ասելով, թե Արցախում լաբորատորիա չկա:
Մասիսը գրել էր, որ Արցախի նախագահին գրած դիմումի որոշ հանգամանքների մասին տեղյակ են Գետավանի ղեկավար Արարատ Զաքարյանն ու Վաղուհաս գյուղի նախկին գյուղապետ Գ. Ղարախանյանը, ներկայիս գյուղապետը:
«Իմ դիմումները չեն գրանցվում, ամեն անգամ ասում են բանավոր՝ ում ուզում ես դիմիր, քո բողոքին ոչ ոք ընթացք չի տալու, դրա մասին ես երկու անգամ հայտնել եմ ԼՂՀ նախագահի խորհրդական Վիտալի Բալասանյանին՝ խնդրելով ինձ օգնի, սակայն նա ասել է՝ ուժը չի պատում, որ ինձ օգնի, բայց եթե պետք է վկայություն տալ, ապա վկայություն կտա»,-ասում է Մասիսը:

Ի դեպ, զրուցակցիս համար Խնկավան համայնքի ղեկավարը բնութագիր էր տվել, հայտնել, թե նա հարգված եւ խելացի երիտասարդ է, մասնագիտական առումով օգտակար է համայնքի բնակչությանը, զբաղվում է անասնապահությամբ, մասնակցում գյուղի հասարակական աշխատանքներին: Մասիսը նաեւ փոքրիկ գրքույկ էր հետը բերել Երեւան՝ «Ծովային դեսանտ», իր բանաստեղծությունների երկրորդ գրքույկը, առաջինը՝ «Արահետ» խորագրով, տասներեք տարի առաջ էր տպագրել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

22.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031