Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այս տարի 35 հազարով ավելի շատ օտարերկրացի է մտել Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև իր որոշ հայտարարությունների կապակցությամբ հնչող կասկածամտությանը ու կրկին շեշտեց. «Նախորդ տարի մայիսի 10-ից օգոստոսի 14-ը Հայաստանից գնացածների և եկածների տարբերությունը մինուս վեց հազար է, այսինքն՝ վեց հազար մարդ ավելի շատ գնացել է, քան եկել: Այս տարի եկածների և գնացածների տարբերությունը պլյուս 29986 է. այսինքն՝ այդքան մարդ ավել է եկել գնացողների համեմատ»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ սրճարանում հանդիպել է Քուվեյթից եկած մեր հայրենակիցներին և առաջին հարցը, որ տվել է, եղել է այն՝ ՀՀ-ում բնակարան գնե՞լ եք: Ըստ Փաշինյանի՝ հաստատել են, որ գնել են: Այս առիթով Նիկոլ Փաշինյանը հիշեց Սերժ Թանկյանի խոստումը. «Երբ Սերժ Թանկյանը եկել էր Հայաստան, խոստացավ, որ Հայաստանում անպայման բնակարան է գնելու: Չգիտեմ՝ գնել է, թե՝ ոչ, չեմ ուզում անձնական նամակով հիշեցնել, հիմա հրապարակային եմ ասում՝ Սերժ ջան, մենք պայմանավորվել էինք, որ բնակարան ես գնելու Հայաստանում, էլ չեմ ասում, որ մենք քննարկել ենք ՀՀ-ում ավելի շատ ժամանակ անցկացնելու հարցը»:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ ՀՀ-ում աշխատելու, վաստակելու և հարստանալու հնարավորություն կա: Այն հարցին, որ իր նկարներով շապիկներ են վաճառվում, այս առիթով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուրախ եմ, եթե դա մարդկանց օգնում է ավելի շատ եկամուտ ստանալ: Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ»:
Նիկոլ Փաշինյանի՝ ոչխար պահելու մասին հորդորը քննադատողներին վարչապետն այսպես պատասխանեց. «Ոմանց տրամաբանությամբ վարչապետը պետք է ասեր, թե եկեք խոսենք, պայմանավորվենք, ձեզ աղքատության նպաստ տանք, ընտրությունից ընտրություն էլ հինգ հազար դրամ: Պարզ է, որ այդ տրամաբանությամբ մարդկանց համար տարօրինակ է, որ վարչապետն ասում է՝ ոչխար պահեք, քանի որ ոչխարի արտահանման համար կան անսահմանափակ հնարավորություններ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ