«Տնտեսության մեջ դրական միտումներ են տեղի ունենում: Հունիսին ունեինք 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին արդեն մենք ունենք 11,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Հեղափոխությունների պատմության մեջ սա բացառիկ երևույթ է: Անկախ իրենց բնույթից հեղափոխությունից հետո որոշակի տնտեսական անկում է արձանագրվում»,- այսօր երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա խոսեց տնտեսական առաջընթացի մասին կառավարության պատկերացումների մասին: Նա հայտարարեց. «Մեր տնտեսական լոկոմոտիվի դերում տեսնում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը: Սա վերաբերվում է բարձր տեխնոլոգիական կոնկրետ արտադրանքին, ինչպես ընդունված է ասել, կոշտ արտադրանքին»:
Վարչապետը հավաստիացրեց՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրություն կա արդեն: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հետաքրքրություն կա ՀՀ-ում արևային էլեկտակայանների պանելներ թողարկելու, արտադրանք ստեղծելու վերաբերյալ: Ներդրումներ կան հեռուստացույցերի ու կենցաղային տեխնիկայի արտադրանքի թողարկում է ստեղծվելու:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տնտեսությունը պետք է կառուցվի արտահանելու տրամաբանությամբ, քանի որ մեր շուկան շատ փոքր է: Այնուհետև նա օրինակ բերեց ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը: Հետո էլ կոչ արեց աջակցել տեղական արտադրողին.
«Կոշիկ, հագուստ հագնելիս տեղականը լինի այնպիսի որակի ու գնի, որ հնարավորություն ունենանք դա օգտագործել: Նման հնարավորություն կա: Մեզ մոտ արտադրվող որակյալ կոշիկներ կան, հագուստի որոշակի տեսականի, որ ես հաճույքով օգտվում եմ: Ուրախ եմ, որ ես հանրահավաքին մի պիջակ էի հագել, հետո տեսա, որ գրում են, թե դա «Gucci»-ի կամ «Zilli»-ի է: Ուզում եմ ասել, որ դա Հայաստանում արտադրված պիջակ էր, ցավոք ոչ գործարանում, այլ մասնավոր դերձակի մոտ պատվիրված: Ուրախ եմ, որ նման տպավորություն է ստեղծվել, դա նշանակում է, որ ՀՀ-ում լուրջ պոտենցյալ կա այդ առումով»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե որը պետք է լինի մեր կարգախոսը. «Մեր կարգախոսն է ոչ թե ծանոթ, այլ կրթություն ու սեփական պրոֆեսիոնալ և ինտելեկտուալ մակարդակի բարձրացում: Եթե Հայաստանում որևէ մեկն ուզում է ունենալ հաջողություն, ոչ թե պետք է փնտրի ու գտնի հովանավորներ, այլ դիմի ինքն իրեն, թե ինչ ինտելեկտուալ ու կրթական մակարդակ ունի: Այսպիսին է մեր ժամանակակից կյանքի տրամաբանությունը: Յուրաքանչյուր մասնագետ պետք է ամեն օր մտածի իր մրցակցային, պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման մասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Էս նկարում Փաշինեանը ոնց որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը լինի 🙂