Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր մամուլի ասուլիսում ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը:
Aravot.am-ը Թանդիլյանին հիշեցրեց ՝ մի ժամանակ հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ անհամաձայնությունների պատճառով, ապա հետաքրքրվեցինք՝ հիմա երբ «Ելք» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին միասնական չի գնում եւ քաղաքականապես բաժանված են, արդյոք այս իրավիճակում «Լուսավոր Հայաստանի» նախարարը ՔՊ-ի վարչապետի կառավարության կաբինետում իրեն հարմարավետ է զգում, եւ այլեւս մտքով չի՞ անցնում հրաժարականի դիմում տալ:
«Այո, հարմարավետ եմ զգում: Իմ հրաժարականը կապ չի ունեցել հարմարավետ չզգալու հետ»:
Մենք հստակեցրինք՝ խոսքը քաղաքական հարմարավետության մասին է: Թանդիլյանը շարունակեց. «Խնդիր չի եղել այդ առումով ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա: Ես այն ժամանակ էլ եմ եղել «Լուսավոր Հայաստանից», այսօր էլ եմ: Կառավարությունում կան բազմաթիվ անդամներ, որոնք «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չեն: Սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք հարմարավետության հետ որեւէ առնչություն չունեն: Դու կամ աշխատում ես, կամ՝ ոչ: Եթե աշխատում ես, ուրեմն՝ հարմարավետ ես»:
Նախարարն ասաց, որ իր հրաժարականը կապված է եղել այն լուծման հետ, որը տրվեց այդ պահին՝ չքննարկելով այլ լուծումներ. «Բայց մենք քննարկման արդյունքում եկանք նրան, որ լուծումներն այսoր ներկայացրեցի, եւ ես խոսում էի, որ հնարավոր է դա անել այն ժամանակ, դրանք այսօր քննարկման առարկա են, եւ մենք հունվարի 1-ից ավելի բարելավված օրենք ենք ունենալու»:
Մանրամասները` տեսանյութում
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին խոսելիս էլ, նախարարն ասաց, որ իր համար դժվար է պատկերացնել, թե՝ ինչո՞ւ 3-4 երեխա ունեցող անձը պետք է վճարում անի այնքան, որքան երեխա չունեցողը. «Ըստ էության ժողովրդագրական խնդիր է լուծել մեր պետության համար, կատարի այնքան հատկացում, որքան այն քաղաքացին, որը չունի երեխա կամ ունի մեկ երեխա: Ես խորապես համոզմունք ունեմ, որ չի կարող մի քաղաքացի, որը 4-5 երեխա ունի, վճարել այնքան, որքան երեխա չունեցող մեկ վարձու աշխատողը: Առնվազն 5 անգամ պետք է նվազ վճարի, պետությունը պետք է հասկանա, որ իր վրա բեռ կա՝ պաշտպանելու այդ քաղաքացուն, նրա ընթացիկ սոցիալական վիճակը»:
Թանդիլյանը նաեւ նշեց՝ «Ինչո՞ւ հնարավորություն չենք տալիս 1964 թվականից հետո ծնվածներին նույն պայմաններով միանալ: 64 թվականից հետո չի կարող միանալ, թեպետ մենք ասում ենք, որ կարող է միանալ: Այդ դեպքում ինչպես միանա, եթե հավասար չէ պայմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում
«Միանշանակ կարող եմ ասել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը փոխվելու, առնվազն բարելավվելու է»,-վստահեցրեց նախարարը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ