Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Մարալիկի մի քանի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել Անիի համայնքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ դժգոհ են վերջինիս աշխատանքից․ նրա գործունեությունը լի է կոռուպցիայով։
Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այստեղ քաղաքական հարցեր չկան, կան անձնական խնդիրներ։
«Քաղաքականություն չկա, ուղղակի կա մի սկզբունք․ ոտքի են ելել բոլոր ժամանակների էն տեսակները, որոնց մտահոգությունը եղել է այն ժամանակ Մարալիկի քաղաքապետի պաշտոնը, բայց այսօր չեն ընկալում, որ սա միայն Մարալիկի քաղաքապետի պաշտոնը չէ, Անիի խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնն է, որը լուրջ պատասխանատվություն է։ Եվ էսօր եղածի մեջ էդ տեսակները փորձել են, չգիտեմ միտինգ համարել, թե ինչ-որ հավաք, 20-25 հոգով մտածել են պահանջել հրաժարականը 4000 ձայնով ընտրված համայնքի ղեկավարի, որը տարել է 50 տոկոսը՝ խոշորացման պրոցեսի ընտրություններին մասնակցելով։ Սա չի կարող լինել օբյեկտիվ։ Կազմակերպիչների մեջ կան մարդիկ, որոնք վաղուց տեղում չեն էլ ապրում, Երևանում են, չգիտեն ո՛չ ժողովրդագրություն, ո՛չ համայնքային շահ, ոչ մի բան, խոսում են, ասում եմ՝ ո՞վ եք դուք, ասում է՝ ես պահանջում եմ ժողովրդի անունից քո հրաժարականը։ Ես այս դեպքում ուղղակիորեն խոսելու բան չունեմ իրենց հետ։
Այս ամեն ինչի մեջ անձնական մոտիվացիաներ են, տարիներ շարունակ պայքարի մեջ եղած, ընդամենը աթոռապաշտության, աթոռի խնդիր է, նրանից յուրաքանչյուրն իրեն թեկնածու է կարծել։ Նման կարգավիճակում են եղել, հատ-հատ անուններով էլ կարող եմ ներկայացնել»։
Անիի համայնքապետարանում աուդիտ անցկացնելու մասին Արտակ Գևորգյանն ասաց, որ եղել են դիմում-բողոքներ, եկել են, ուսումնասիրել են։ «Զգացին, որ գրել-ջնջելու մեխանիզմը չի գործում, անցան սրան։ Բայց ես շարունակելու եմ ծառայել ժողովրդին, ուղղակիորեն պատասխանատվություն եմ կրում Անի համայնքի՝ 19 բնակատեղերի թե՛ ինձ ընտրող, թե՛ չընտրող ժողովրդի առջև, սկսել եմ լուրջ աշխատանքներ, զարգացման ծրագրեր։ Ես իմ առօրյա կյանքով շարունակում եմ այն գործողությունը, որը ընտրված մարդկանց համար շատ կարևոր է և այդ մի քանի հոգու պահանջով հրաժարական չեմ ներկայացնի»։
Իսկ բողոքավորների՝ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու հետ կապված է ասաց․ «Եկել են, ուսումնասիրել են, կգտնե՞ն նման երևույթներ, թող պատասխանատվության ենթարկեն, չեն գտնի, ուղղակիորեն ես եմ պահանջելու պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք կփորձեն արատավորել իմ անունը։ Ես ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, իմ ժողովրդին, աշխատելու եմ իշխանության հետ կողք կողքի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ