Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիճաբանություն Զորաց Քարեր հնավայրում. «Որոտան»

Օգոստոս 22,2018 19:20

Այսօր Զորաց Քարեր պատմա-մշակութային հնավայրում պեղումներ կատարող հնագիտական արշավախմբի անդամների եւ մի խումբ սիսիանցիների միջեւ բուռն բանավեճ տեղի ունեցավ: Սիսիանցիներն իրենց զայրույթն ու վրդովմունքը հայտնեցին, որ պեղումների ընթացքում, երբ դեռ շատ գաղտնիքներ բացահայտված չեն, արշավախմբի անդամները, ըստ իրենց հասած տեղեկությունների, հնավայր այցելած զբոսաշրջիկներին ասում է, որ այն դամբարանադաշտ է, ոչ թե աստղադիտարան, ինչպես պնդում են որոշ հայտնի գիտնականներ` հարված հասցնելով զբոսաշրջիկների հոսքին:

Արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ պեղումները կատարվում են գիտության պետական կոմիտեի միջոցներով, եւ հնագիտական արշավախումբն արդեն 5-րդ տարին իրականացնում է այդ աշխատանքները, որի նպատակը Զորաց Քարեր հնավայրի պատմամշակութային ժառանգության վերհանումն է: Գիտնականը նշեց, որ այն Կովկասի եզակի հնագիտական հուշարձաններից մեկն է, միակ մեգալիթյան հուշարձանը ամբողջ Կովկասում, որը այս ծավալով եւ այս մակերեսով պահպանվել է եւ դրա ուսումնասիրությունը շատ կարեւոր է: Հուշարձանը մոտ 4 հազար տարեկան է: Այն, ինչ հիմա բացում են, միանշանակ կապվում է բնակավայրի եւ դամբարանադաշտի հետ, առայժմ հայտնաբերված ամենահնագույնը մ.թ. ա. 19-18-րդ դարն է:

Խոսելով հնավայրի նշանակության մասին, Աշոտ Փիլիպոսյանը նշեց նաեւ, որ կա առասպելական մեկնաբանությունների մի ամբողջ շարք, կապված այն բանի հետ, որ քարերի տակ առաջնորդներ են թաղված, քարակույտերի տակ զինվորներ են թաղված, վերջին ժամանակներս սկսել են շահարկել աստղադիտարան կոչված երեւույթը, ապա ժխտեց ներկաներից մեկի` ոչ միայն ժողովրդի մեջ տարածված, այլեւ` որոշ գիտնականների` աստղադիտարան լինելու մասին կարծիքը: «Ժողովրդի զրույցներում այն դիտարկվում է ոչ թե աստղադիտարան, այլ` Ցից Ցից քարեր, Դիք Դիք քարեր, կամ` հուշարձան, որի տակ զինվորներ են թաղված»,-ասաց Աշոտ Փիլիպոսյանը` պնդելով հնավայրի` աստղադիտարան չլինելու իր տեսակետը, ինչը տեղիք տվեց  բուռն բանավեճի:

Զորաց Քարեր հնավայրը միայն դամբարանադաշտ դիտարկելու` Աշոտ Փիլիպոսյանի կարծիքին հակադարձեց Սուրեն Վարդանյանը եւ դիմեց հնագետներին ասելով` հավաքեք ձեր իրերը եւ հեռացեք: «Մտել եք մեր տունը քանդում եք, աղավաղում եք մեր պատմությունը, գրանտային ծրագիր եք շահել, եկել եք էստեղ փող եք լվանում, ամբողջ աշխարհն ընդունում է աստղադիտարան, դուք ժխտում եք: Դուք հակահայկական գործունեություն եք ծավալում մեր պետության դեմ, երբ ամբողջ աշխարհն ասում է աստղադիտարան է, դուք ասում եք` սա սովորական գերեզման է, փոսը քանդում ես, քանդիր, բայց մի ասա սա աստղադիտարան չէ»,-վրդովմունքով դիմեց Սուրեն Վարդանյանը, որին հետեւեց Աշոտ Փիլիպոսյանի` «դատարկ բաներ եք դուրս տալիս, ձեր գործով զբաղվեք: Ամբողջ աշխարհը դա ծիծաղելով է նայում: Սա հուշարձան է, աստղադիտարան չէ: Դուք ով եք, որ եկել եք հուշարձանի պեղումները խանգարում եք»:

– Ամբողջ աշխարհը գիտի, որ սա աստղադիտարան է: Հիմա դուք անում եք մի գործողություն, որը կարող է վնասել տուրիստների հոսքին մեր տարածաշրջան,- ասաց Արսեն Ավագյան, որին ի պատասխան Աշոտ Ավագյանը հորդորեց դիմել իրավապահ մարմիններին, ոչ թե գալ եւ խանգարել արշավախմբի աշխատանքը:

Սիսիանցի ակտիվիստներն իրենց վրդովմունքը հայտնեցին, որ նախորդ տարի նույնպես արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, երբ պեղումները դեռ ընթանում էին, հրապարակայնորեն հայտարարեց, որ տարածքը չի եղել աստղադիտարան, իսկ քարերի անցքերը ծառայել են քարերը քաշելու, տեղաշարժելու, ձիերի սանձերը կապելու նպատակով, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել գիտական եւ ոչ գիտական շրջանակներում, հույսով, որ գիտնականները կդադարեցնեն կատեգորիկ մեկնաբանություններն ու կարծիքները պեղումների փուլում գտնվող պատմա-մշակութային հուշարձանի մասին:

Հնավայրի մասին ակտիվիստները փորձեցին իմանալ նաեւ արշավախմբի` օտարերկրյա ներկայացուցչի կարծիքը, ով նշեց, որ ակնհայտ է, որ տարածքը դամբարանադաշտ է, բայց  միանշանակ չի կարելի ոչ հաստատել, ոչ էլ հերքել աստղադիտարան լինել-չլինելը, քանի որ պեղումները դեռ շարունակվում են: Ի պատասխան քարերը տեղաշարժելու, հնավայրի` պատմական տեսքը խաթարելու հարցին` իսպանացի մասնագետը նշեց, որ եթե ուզում ենք իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հնավայրը, հնարավոր չէ առանց քանդելու, բայց հետագայում տեղաշարժված քարերը կվերականգնվեն:

Մանրամասները՝ «Որոտան» կայքում

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031