Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Կսահմանենք նվազագույն կենսաթոշակ, որը կլինի նվազագույն պարենային զամբյուղի շեմից բարձր»

Օգոստոս 22,2018 18:08

«Ոչ մի բան չի կարող արդարացնել վիճակը, որ մեր երկրում կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ: Սրանք քաղաքացիներ են, որոնք այս կամ այն պատճառով ստանում են պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ: Մեր երկրում չի լինելու քաղաքացի, որը ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ»,-այսօր այս մասին  իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա ասաց, որ արդեն կա համաձայնություն.«Սա վերաբերում է մոտավորապես 80 հազար քաղաքացու: Հիմա դիտարկում ենք բարձրացնել այնպես, որ է’լ ավելի լայն շերտեր ընդգրկվեն` աղքատության շեմը հաղթահարելու համար, եւ այն կենսաթոշակառուները, որոնք աղքատության ստորին շեմին են, նրանք նույնպես ներառվեն: Բնական է, որ սա նաեւ ռեսուրսի խնդիր է, եւ ֆինանսական հարցեր է իրենից ենթադրում, բայց մի օր պետք է այլ մոտեցմամբ վերաբերվենք մեր թոշակառուներին: Սակայն պետք է հասկանանք, որ մեր երկիրը պարտավորություն ունի երաշխավորել քաղաքացիների նվազագույն կենսապահովումը: Եվ այս առումով մենք կսահմանենք նվազագույն կենսաթոշակ, որը կլինի առնվազն նվազագույն պարենային զամբյուղի շեմից բարձր»:

Մեր ճշտող հարցին՝ պարենային նվազագույն զամբյուղը որքա՞ն է կազմում, նախարարը պատասխանեց ՝ 2016 թվականի դրությամբ՝ 23 հազար դրամի էր, հիմա դա հասած կլինի 25 հազար դրամի, հաշվի է առնվելու նաեւ գնաճը:

Արդյոք հնարավոր կլինի՞ բոլորի կենսաթոշակները բարձրացնել: Այս առնչությամբ նախարարն ասաց.«Մեր երկրում 500 հազար կենսաթոշակառու կա, եւ ակնհայտ է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ուղղակի գոյության հնարավորություն չունեցող քաղաքացիները»:

Բարձրացնել բոլորի՞ կենսաթոշակները, թե՞ թիրախավորված` այս մասին նախարարի դիտարկումները՝ շուտով` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031