Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին այդ պաշտոնին նշանակել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա ՀՀԿ-ական էր, եւ, ըստ Դանիել Իոաննիսյանի ահազանգի, ընտրատեղամասում «բռնվել» էր՝ որպես կեղծ դիտորդ: Այսօր հայ-չինական բարեկամության դպրոցի բացմանը լրագրողները տիկին Ստեփանյանից հետաքրքրվեցին՝ դուք ձեզ հարմարավե՞տ եք զգում նոր իրողությունների, նոր իշխանության, քաղաքապետարանում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում: Նա պատասխանեց. «Գիտեք, ես կրթության մարդ եմ, իմ գործունեության հիմնական նպատակը եղել են կրթության ոլորտի բարեփոխումները, եւ այդ նպատակով եկել եմ քաղաքապետարան»:
Հարցին՝ դուք կո՞ղմ էիք հեղափոխությանը, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր դրական կողմերը, այս առումով պետքբ է նայենք առաջ, քայլենք առաջ»: Այն, որ նա ՀՀԿ-ի «չինովնիկներից» է, ՀՀԿ-ի իշխանության օրոք է նշանակվել, ըստ տիկին Ստեփանյանի, որեւէ կապ չունի արհեստավարժ լինելու հետ, որովհետեւ, ըստ նրա, եթե արհեստավարժ ես, նշանակություն չունի, թե որ իշխանության օրոք ես քո գործունեությունն իրականացնում. «Ես համամիտ եմ ներկայիս ԿԳ նախարարի վերաբերմունքին, որ կրթությունը պետք է լինի ապաքաղաքականացված»:
Նա վստահեցրեց, որ իրեն չեն հորդորել հեռանալ այդ պաշտոնից, որեւէ հորդոր չի եղել. «Եթե մարդը պատվով է կատարում իր աշխատանքը, անկախ կուսակցական պատկանելությունից, նա կկատարի»:
Մեր հարցին՝ ՀՀԿ-ից դուրս գալու մտադրություն ունե՞ք՝ նա պատասխանեց. «Այս պահին ես անկուսակցական եմ, եւ այս պահին ես համարում եմ, որ կրթության ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է զերծ մնա կուսակցական պատկանելությունից»:
Թե ե՞րբ է դա հասկացել, ե՞րբ է ՀՀԿ-ից դուրս եկել՝ տիկին Ստեփանյանը չցանկացավ պատասխանել. «Երբ որոշում կայացրեցի, որ կրթության յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է լինի անկուսակցական»:
Լրագրողները ճշտեցին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օ՞րը նման որոշում կայացրեցիք, նրա հրաժարականը ձեր որոշման վրա ազդեցություն ունեցա՞վ, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Չեմ կարծում»: Նա ասաց, որ անկախ նախկին նախագահի հրաժարականից՝ ինքը որոշել էր, որ պետք է դուրս գա ՀՀԿ-ից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ