Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին այսօր Aravot.am-ը հարցրեց՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գտնում է, որ կրթության ոլորտում լուրջ փոփոխությունների կարիք կա՝ ծրագիրը պետք է փոխվի, առարկաները պետք է փոխվեն, մի մասը պետք է դուրս գա, նաեւ դասագրքերում խնդիրներ է տեսնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ձեւակերպումների մեջ, դուք ի՞նչ կարծիք ունեք: Նա պատասխանեց. «Ես համամիտ եմ այդ փոփոխությունների հետ, դրանց մասին մենք խոսել ենք վաղուց, դպրոցներում մանկավարժներն իրենք են բարձրացրել այդ հարցերը, որ այո, դասագրքերում պետք է փոփոխություններ կատարվեն, չէ՞ որ պատմությունը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, եւ այդ գրքերում զետեղված նյութերը, որոնք կորցնում են նաեւ որոշակի արդիականությունը, պետք է կրեն փոփոխություն: Ինչ վերաբերում է առարկաների թոթափմանը, դա նույնպես շատ նպատակային է: Այո, կան լուրջ փոփոխությունների կարիք, փոփոխությունները շատ անհրաժեշտ են կրթական գործընթացի հետ կապված, նախարարի հետ համամիտ եմ»:
Հիշեցնենք, որ Աննա Ստեփանյանին այդ պաշտոնին նշանակել էր Տարոն Մարգարյանը, նա ՀՀԿ-ական էր ու ընտրություններին էլ, ըստ Դանիել Իոաննիսյանի ահազանգի, կեղծ դիտորդ էր եղել ընտրատեղամասերից մեկում:
Մենք ճշտեցինք՝ ասացիք պատմությունը փոփոխելի է, բայց Մարտի 1, Հոկտեմբերի 27, մի՞թե դրանք փոփոխելի են, այսինքն, իշխանությունը պետք է վերասրբագրե՞ր պատմությունը դասագրքերում, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Ես չեմ անդրադառնա պատմությանը, օրինակը բերեմ այսպես՝ տեխնոլոգիաները զարգանում են, բնագիտական առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հետ են մղվել, անհրաժեշտ են լաբորատորիաներ, փոփոխություններ, ժամանակակից տեխնոլոգիաներ: Այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք ժամանակ առ ժամանակ առաջ ենք ընթանում, եւ պետք է փոփոխություններ անենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ