ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը կառավարության անդամների՝ ԶԼՄ-ների հետ շփումը կաշկանդող հայտնի շրջաբերականի հետ կապված ասաց, որ պաշտոնյաներ են եղել, որոնք իրենց հարցազրույցներում կոռուպցիա են քարոզել, դրա համար են որոշել նման շրջաբերական ունենալ, ձեր նախարարության աշխատակիցներից կա՞ն կոռուպցիա քարոզող: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ հետեւում է իր աշխատակիցների հարցազրույցներին, նման բան չի նկատել. «Պարոն Եղոյանը միգուցե կոնկրետ ասի, թե որ նախարարությունների հետ կապված է: Իմ գլխավորած նախարարությունում նման բան չկա»:
«Հասմիկ» ճամբարում կատարված լուսանկարների հետ կապված` նախարարն ասաց. «Երեկ գիշեր տեսա, իրար հետեւից թեգում էին հրապարակման վրա: Ինձ նախնական ասել են, որ դա Ուրախների եւ հնարամիտների ակումբի ներկայացում է եղել, բայց ավելի մանրամասն, երբ գնամ նախարարություն… ցավոք, այն պաշտոնյայի հետ, ում հանձնարարել եմ զբաղվել այդ հարցով, մանրամասն չեմ խոսել: Այսօր կխոսեմ, ավելի մանրամասն կասեմ ձեզ: Նախնական գնահատականով, դա եղել է բեմականացված ՈՒՀԱ, պետք է մանրամասն ուսումնասիրեմ, ասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ