«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի մարզային թիմը, որը օրերս Մեխիկոյում մասնակցել է First Global ռոբոտների միջազգային մրցույթին, մասնակից շուրջ 180 երկրների շարքում ընդգրկվել է լավագույն 48-ի մեջ (ըստ միավորների՝ 15-րդ տեղ) և անցել եզրափակիչ փուլ: Վիճակահանության արդյունքներով՝ եզրափակչում Հայաստանը թիմ էր կազմել Ճամայկայի և Մավրիկիոսի հետ. հավաքական թիմը իր մասնակցությունը ավարտեց այս փուլում:
«Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Հայաստանյան թիմի ինժեներական բաղադրիչը բավականին ուժեղ էր: Մեր թիմը առանձնանում էր նաև բանակցային հմտություններով: Մրցույթի բարդությունն ավելի շատ կայանում է նրանում, թե վիճակահանությամբ ո՞ր երկրների հետ են թիմակցում: Առավել հաճախ արմաթցի սաները դաշտում իրենց հասանելիք առաջադրանքը վերջացնելուց հետո, հանձն են առել նաև թիմակից երկրների առաջադրանքը կատարելուն: Այսինքն բավարար չէ միայն մի երկրի բարձր ցուցանիշը, այլ կարևոր է նաև թիմակից երկրների պատրաստվածությունը: Ասվածի օրինակն է նաև այն, որ անգամ եզրափակիչ չի անցել Ճապոնիայի թիմը, իսկ ԱՄՆ-ի՝ հավաքական երկրների թիմը եզրափակչի միայն առաջին առաջադրանք է կատարել՝ ինչպես Հայաստանի, Ճամայկայի և Մավրիկիոսի միասնական թիմը»:
Կ. Վարդանյանը ընդգծում է, որ First Global-ին մասնակցությունը անգնահատելի փորձ էր արմաթցի սաների համար: Նրանք անցկացրել են տասնյակ խաղեր՝ թիմեր կազմելով ավելի քան 40 երկրների հետ, որը պահանջում է նաև հաղորդակցային միջմշակութային հմտություններ: Երեխաների արժեքավոր փորձն ԱՏՁՄ-ն հնարավորինս կներդնի ռոբոտաշինության մյուս մրցույթներում, որոնք Միության կողմից իրականացվում են Հայաստանում:
Ի դեպ, ԱՏՁՄ-ն ծրագրում է Հայաստանը դարձնել ռոբոտների մրցաշարերի կենտրոն, որտեղ շեշտը կդրվի ինքնակառավարվող ռոբոտների վրա: Այս մասին Միությունը հանդես կգա առանձին հաղորդագրությամբ:
Նշենք, որ First Global ռոբոտների միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը հնարավոր դարձավ First Global Armenia թիմի գործընկերներ՝ Ucom ընկերության և Ամերիաբանկի աջակցության շնորհիվ:
Շուշանիկ Ներսեսյան
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն