Այսօր հայ-չինական բարեկամության դպրոցի բացման արարողությունն էր: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե այս դպրոցի դիմորդների ընտրությունն ինչ կարգով է արվելու, որովհետեւ տասը օր է մնացել, բայց երեխաները չգիտեն՝ սովորելո՞ւ են հայ-չինական դպրոցում, թե՞ չէ, պատասխանեց. «Հունիսին, երբ դեսպանի հետ հանդիպեցինք, ըստ էության, շատ մեծ վտանգի տակ էր, որ դպրոցը չի բացվելու: Հայտնի հանգամանքների պատճառով բացման ընթացքը խաթարվել էր, բայց մենք ամեն օր, ամեն ժամ չինական դեսպանատան հետ աշխատելով՝ նպատակ դրեցինք, որ պետք է բացվի այս դպրոցը: Վերջնական որոշումը եղավ օգոստոսին, դրա համար ընդունելությունը ձգձգվեց, ձգձգվեց նաեւ կանոնադրության ընդունումը»: Նա ասաց, որ անցյալ շաբաթ է կանոնադրությունը հաստատվել, խորհրդի կազմը հաստատվել, այսօր խորհրդի նիստ կգումարվի, հետո 1 օրվա ընթացքում ծնողները կիմանան, թե ինչ սկզբունքով է որոշվելու:
Նախարարն ասաց, որ իր համար մի քիչ տարօրինակ է այն մեծ աժիոտաժը, որը կա այս դպրոցի շուրջ, դիմորդների թիվը չափազանց մեծ է: Նա ասաց, որ դպրոցը բացի չինարենի խորացված ուսուցումից, ոչնչով չի տարբերվելու մյուս դպրոցներից. «Մենք ունենք այլ դպրոցներ, որտեղ չինարենի ուսուցում կա»: Նախարարն ասաց, որ ծնողներին կոչ է անում, որ եթե այս դպրոց իրենց երեխաները չընդունվեն, դիմեն այլ դպրոցներ, նման 6 դպրոց կա հանրապետությունում:
Aravot.am-ը հարցրեց՝ դպրոցի բացման արարողության ուղիղ եթերի տակ ֆեյսբուքյան օգտատերերը գրում են, որ այս դպրոցի բացման համար պիտի երախտապարտ լինեն Վիգեն Սարգսյանին, գոնե կես բառ նրա մասին ասեին, ինչպե՞ս կմեկնաբանեք, նա կապ ունի՞ դպրոցի հետ, ի՞նչ ջանք է թափել, նախարարը պատասխանեց. «Նախորդ իշխանությունների ժամանակ է սկսվել, բայց ես չգիտեմ ինչի համար պետք է երախտապարտ լինեմ, ով ուզում է, թող գնա երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին: Մի բան կա, նախկինում շատ նկատվել է եւ շատ կուզենամ, որ մեր իշխանության օրոք դա չնկատվի: Սա մեր պարտականությունն է՝ խրախուսել նման հաստատությունների բացումը եւ եթե պաշտոնյաները ցանկանում են դա որպես սխրանք ներկայացնել, դա վատ է: Սա սխրանք չէ, մեր աշխատանքն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ