Այս տարի 8 հայ ուսանող կմեկնեն Միացյալ Թագավորություն` ուսանելու հանրային քաղաքականությունից մինչև արվեստ և լրագրություն:
«Մեդիա կենտրոնում» հայտարարվեց բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունելության մեկնարկը 2019-2020 ուսումնական տարվա համար։ «Չիվնինգն» առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մեկամյա անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական ցանկացած համալսարանում, ցանկացած ոլորտում:
Երևանում բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը զգուշացրեց՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 6-ն է: Այնուհետև հավելեց. «Չիվնինգ ծրագիրը կարևոր գործիք է հայ-բրիտանական հարաբերությունների համար և կարևոր է այդ հարաբերությունները խորացնելու առումով: Այս տարի 8 հայ ուսանող հնարավորություն կունենա մեկնել Միացյալ Թագավորություն ուսանելու հանրային քաղաքականությունից մինչև արվեստ և լրագրություն: Ծրագրի առաձնահատկություններից է այն, որ հնարավորություն կա գնալ Միացյալ Թագավարություն և ուսանել այն առարկաները, որոնք իսկապես սիրում եք: Այն ոչ միայն կարևոր է ուսանողների համար, որոնք հնարավորություն ունեն Միացյալ Թագավորություն մեկնել, ծանոթանալ մշակույթին, այլև կարևոր է ուսանողների համար, քանի որ հնարավորություն է ընձեռում փորձի փոխանակում իրականացնել»:
Էլիսոն Չիքը տեղեկացրեց, որ ավելի քան 150 հայ ուսանողներ մասնակցել են այս կրթաթոշակին:
Երևանում բրիտանական դեսպանատան Քաղաքական հարցերի պատասխանատու Մարիամ Բաղդասարյանը հայտնեց՝ շուտով կտոնենք ծրագրի 35-ամյակը: Այնուհետև նշեց, որ կրթաթոշակը հասանելի է 160-ից ավելի երկրներում: Ծրագրին դիմելու պայմանների մասին Մարիամ Բաղդասարյանը տեղեկացրեց. «Անձը պիտի լինի ՀՀ քաղաքացի, պարտավորվի ուսումնառության ավարտից հետո երկու տարի բնակվել ու աշխատել ՀՀ-ում, ունենա առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ կամավորական աշխատանքը ևս հաշվառվում է: Պետք է ներկայացնի անգլերենի իմացությունը վկայող փաստաթուղթ և Միացյալ Թագավորության համալսարաններից որևէ մեկից ունենա առաջարկ: Տարիքային սահմանափակում չկա, չկա նաև ոլորտային սահմանափակում. բացառություն է կազմում միայն ռազմական ոլորտը»:
Դիտարկմանը՝ հրապարակված ցուցակում նշված են նաև Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները, այդ համալսարաններում ուսումնառությո՞ւնն էլ է հարյուր տոկոս ֆինանսավորում ստանում, Մարիամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այս տարի մեր դիմորդներից մեկն այն եզակի հաջողակներից է, որը ստացել է Օքսֆորդում ուսանելու հնարավորություն: Ուսման, կեցության վարձերն ամբողջությամբ հոգում ենք»:
Հարցին՝ «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը դադարել է, բայց ժամանակին շատ ծրագրեր համատեղ էին իրականացվում, հետևաբար հիմա ինչպե՞ս է լինելու ֆինանսավորումը, Մարիամ Բաղդասարյանը պատասխանեց. «Լույս հիմնադրամի հետ համագործակցությունը դադարել է ոչ թե հայտնի պատճառներով, այլ ավելի վաղ, քանի որ «Չիվնինգը» և «Լույսը» չկարողացան համաձայնության գալ պահանջների առումով: «Լույսը» պահանջում էր, որ ուսումնառությունից հետո անձը վերադառնա Հայաստան և մնա երեք տարի Հայաստանում ու պարտավոր է իր աշխատանքը շարունակել պետական հաստատությունում: Մեզ համար նման պարտադրանքն ընդունելի չէր: Մենք կփորձենք համագործակցել, եթե «Լույսը» վերափոխվի, և նման հնարավորություն ստեղծվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի