Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները

Օգոստոս 22,2018 16:50

Բնապահպանության նախարարն օրեր առաջ հայտարարել էր, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանում աստիճանաբար պետք է կրճատվի, այնուհետև արգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթների և տարաների օգտագործումը։

Այս նախաձեռնության շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է բնապահպանության ոլորտում  գործունեություն ծավալող մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ։

Ողջունելով ներկաներին՝  նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում  բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնած այս գործընթացը։ «Մենք սկսել ենք մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարության երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է համապատասխան իրավական ակտերի մշակում։ Քննարկման փուլում են առևտրային օբյեկտներում պոլիէթիլենային փաթեթների համար նվազագույն վճար, հարկ կամ տուրք սահմանելու վերաբերյալ առաջարկություններն իրենց համապատասխան գնագոյացման  հիմնավորումներով»,- նշել է Ի․Ղափլանյանը։

Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից  ներկայացվել են թղթե տոպրակների, բազմակի օգտագործման բոնուս-կոդերով կտորե տոպրակների և այլընտրանքային այլ տարբերակների առաջարկներ։   Նախարարի առաջին տեղակալը հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ հրաժարվելու ավելորդ պլաստիկե ապրանքների  օգտագործումից։  Գործընթացին զուգահեռ  սկսվել է նաև իրազեկման բազմաճյուղ միջոցառումների իրականացումը՝ անիմացիոն և ոչ անիմացիոն  սոցիալական գովազդների պատրաստում,  իրազեկման դասընթացների և արշավների նախապատրաստական աշխատանքների ծավալում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով  բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել պիլոտային ծրագրով ընտրված համայնքի՝ Թալինի  խնդիրների հնարավոր լուծումներին ուղղված միջոցառումներին։

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031