Այսօր Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանին հարցրեց՝ շատ են խոսում Երեւանի քաղաքապետարանի ապօրինությունների մասին, մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանը կոնկրետ օրինակ բերեց՝ աղբահանության կազմակերպման մրցույթում այնպես եք արել, որ «Սանիթեքը» միայն մասնակցի եւ ինքը շահի, այդ ապօրինություններն ինչպե՞ս կպարզաբանեք: Կամո Արեյանը պատասխանեց. «Այդպիսի բան գոյություն չունի, դա թյուրընկալում է, պայմանագրերին չտիրապետելու արդյունք է: Այս պայմանագիրը լավագույն պայմանագրերից մեկն է եղել՝ որպես իրավական մրցութային փաստաթուղթ, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է իր աշխատանքում: Իր մոտ են խնդիրները, ներսում են»:
Դիտարկմանը՝ Տարոն Մարգարյանը գնաց, «Սանիթեքն» իր գործը չի անում, ամբողջ քաղաքը հիմա աղբի մեջ է՝ Կամո Արեյանը չհամաձայնվեց. «Ներեցեք, այդպիսի բան գոյություն չունի, ամբողջ քաղաքը աղբի մեջ չէ: Այո, թերանում է «Սանիթեքը»: Անցած տարի եւս եղավ նման խնդիր: Հիմա «Սանիթեքը» թերանում է իր աշխատանքի մեջ, ես, որպես պաշտոնակատար, պատվիրատու կողմ, կատարել եմ ընթացակարգով բոլոր քայլերը, այդ թվում տույժի եմ ենթարկել «Սանիթեքին»: Խնդիրն իրենց ներքին խնդիրն է, նա` որպես օպերատոր, պարտավոր է կատարել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, մենք մինչեւ վերջ պահանջելու ենք, որ կատարի իր պարտականությունները: Երկրորդ, «Սանիթեքը» հրապարակավ ընդունել է իր մեղքը, որ դա իր պարտականությունն է եւ պետք է կատարի իր պարտականությունը պատշաճ որակով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ