Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյան. «Կամ վարչապետը պետք է նախաձեռնի հին սահմանադրությանը վերադառնալը, կամ կայանա հանրաքվե»

Օգոստոս 22,2018 16:23

«Շատ ուրախ եմ, որ մեծ ուշացմամբ խոսվեց Սահմանադրական փոփոխությունների մասին: Լավ կլիներ, որ ոչ թե ակնարկներ հնչեին, այլ նախաձեռնություններ: Ինչեւէ, սառույցը կարելի է կոտրված համարել»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու (որպեսզի իր փոխարեն այլ վարչապետ չընտրեն) հայտարարությանը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Ներկա իրավիճակում ոչ թե խորհրդարանական ուժերն են վարչապետ ընտրել, այլ ժողովուրդը, այսինքն՝ քաղաքական ուժերն ընտրել են ժողովրդի թեկնածուին: Սա ցույց է տալիս, որ գործող սահմանադրությունը պիտանի չէ: Նոր սահմանադրության ընդունումը տեւական ու ծանր աշխատանք է»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:

Նա կառավարությանն ուղղված առաջարկներ ունի. «Եթե սահմանադրական հանրաքվեի ճանապարհով գնանք, դա չի համապատասխանի հեղափոխության տրամաբանությանը: Մենք դեռեւս 2015թ. առաջարկել ենք սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայում հրատապ կարելի է մտցնել շրջանառության մեջ: Սահմանադրությունը չեղարկելու համար պարզապես կամ պետք է հանրաքվե անցկացնել, կամ վարչապետը պետք է հանդես գա հին սահմանադրությանը վերադառնալու նախաձեռնությամբ, որն  ԱԺ-ն պետք է հաստատի: Իսկ հնին վերադառնալ՝ նշանակում է, որ ԱԺ-ն երկու ամսում ընտրելու է նախագահ եւ վարչապետ, ու հարցը լուծվում է: Սա շեշտակի եւ վճռական ճանապարհ է, որը համապատասխանում է հեղափոխության տրամաբանությանը»:

Սրանից հետո միայն, ըստ Պարույր Հայրիկյանի, պետք է նոր Սահմանադրության նախագիծ մշակել. «Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, մանրամասներ հիմա չեմ ասի: Մի քանի օրում կարելի է հավաքել 200 հազար ստորագրություն, որպեսզի վարչապետը դիմի ԱԺ-ին. ցանկացած պահի խորհրդարանական ուժերը կարող են իրենց  պահել ոչ ցանկալի ձեւով, դրա համար մենք պետք է հետեւողական լինենք: Նիկոլ Փաշինյանի հետ անմիջական հանդիպումներ վերջին օրերին չեմ ունեցել, բայց գիտեմ, որ կառավարությունում ուշադիր են հետեւում իմ հայատարարություններին»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններով առաջարկում է բացառել վարչապետի հրաժարականով պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացումը: Պարույր Հայրիկյանը համաձայն չէ. «Չի կարելի ժողովրդավարական ՀՀ-ում քաղաքական ուժերին ստիպել ինչ-որ բան անել: Նման իրավիճակից խուսափելու համար մենք առաջարկում ենք սահմանադրական փոփոխությունների մեր փաթեթը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031