ՀՀՇ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արարատ Զուրաբյանը, որն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, հարցազրույցներից մեկում կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ի թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյանը, լավ քաղաքական գործիչ է, սակայն Զուրաբյանը թերահավատ է՝ արդյո՞ք նա լավ քաղաքապետ լինի: Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, մեկնաբանելով Զուրաբյանի կարծիքը, նախ շեշտեց, որ թե նա, թե Նաիրա Զոհրաբյանն իրենց գործընկերներն են: «Երեւանցին է որոշելու, թե ում է նախընտրելու տեսնել քաղաքապետի պաշտոնում: Դա երեւանցու կամքն է լինելու, բայց ասեմ՝ չի կարելի նսեմացնել խորհրդարանում տասը տարվա մեծ աշխատանք կատարած Նաիրա Զոհրաբյանի փորձը»:
Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ Նաիրա Զոհրաբյանը տիրապետում է օրենսդրական աշխատանքին եւ քաղաքական սուր իրավիճակներում համարժեք քաղաքական մակարդակ է ցույց տալիս. «Քաղաքապետն առաջին հերթին քաղաքական պաշտոն է, թեեւ քաղաքապետը պետք է նաեւ մենեջերի ունակություններ ունենա: Նաիրա Զոհրաբյանի տասը տարիների բազմաֆունկցիոնալ փորձն ու աշխատանքը նրա վարկանիշն են ձեւավորել. չէ՞ որ ժողովրդի շրջանում հենց այնպես չի վարկանիշ ձեւավորվում, այդ վարկանիշը նրա գործունեության արդյունքում է ձեւավորվել»:
Միքայել Մելքումյանը միաժամանակ նշեց. «Կարծում եմ՝ Արարատ Զուրաբյանը նսեմացնելու նպատակ չի ունեցել, բայց կրկին արձանագրեմ, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական է: Իսկ Նաիրա Զոհրաբյանը տիրապետում է քաղաքի առանձնահատկություններին եւ քաղաքական փորձին. չէ՞ որ նա ավագանի պետք է ղեկավարի»: Միքայել Մելքումյանը փաստեց՝ եթե ԲՀԿ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որոշել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնում, նշանակում է՝ գնահատել է եւ հաշվի է առել բոլոր հնարավորություններն ու գործոնները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Եթե Նաիրա Զոհրաբյանը Երևանին ու երևանցուն նույնքան անձնվիրաբար ծառայի, ինպես Գագիկ Ծառուկյանին,հրաշալի քաղաքապետ կարող է լինել, դրա համար ունի և՛ խելք,և՛ ինտելեկտ,և՛ աշխատասիրություն,և՛փորձ: Նաև լավ կլինի մի քիչ զսպի էմոցիաները: Իսկ Արարատ Զուրաբյանի ժամանակն անցել է, ժամանակին էլ առանձնապես աչքի չի ընկել , ես սա ասում եմ որպես Փոքր կենտրոնի բնակիչ: