Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց անցումային արդարադատության մասին:
Նա ասաց, որ դա համաշխարհային ընդունված գործիք է, եւ նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իշխանափոխության հենց հաջորդ օրերից սկսած սրա մասին քննարկում են ունեցել. «Ինչո՞ւ եմ հիմա հայտարարում, որովհետեւ հիմա կան կոնկրետ իրավիճակներ, երբ իրավապահ մարմինները զեկուցում են…մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր գումարներ, եւ ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են: Բայց այսօրվա քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումնաբանությունը քննելու եւ դրանք վերադարձնելու համար»:
Հարցին՝ հանրահավաքում հնչեցվածը ո՞ւմ էր վերաբերվում՝ Փաշինյանը պատասխանեց, որ նախաքննության գաղտնիքներ չի հրապարակելու:
Հարցին՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք» արտահայտությունը ՀՀԿ-ականները որակում են որպես սպառնալիք՝ դատական իշխանությանը, ի՞նչ կասեք՝ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում: Վարչապետը սա ինքն իրեն էլ է ասում, բոլորին էլ»:
Հարցին՝ դատավորներին խելքները գլուխները հավաքելու կոչը ինչի՞ հետ էր կապված՝ Քոչարյանին ազատ արձակելո՞ւ, վարչապետը պատասխանեց. «Եկեք դուրս գանք փողոց, մարդկանց հարցնենք, ես բազմաթիվ բողոքներ եմ ստանում այն մասին, որ դատարաններն անարդար դատել են, գույք են վերցրել, էս են արել, էն են արել, ես կոչ եմ անում մեր բոլոր դատարաններին: Ես այդ նույն հայտարարությունը արել եմ երկու ամիս առաջ էլ: Ես ասել եմ, որ այն դատավորները, որոնք կգործեն օրենքի համապատասխան, ես ողջունել եմ նրանց, բայց բառացի ասել եմ 2 ամիս առաջ՝ վայը եկել է տարել այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքով կփորձեն էլի դատական համակարգը տանել այլ ուղղությամբ: Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, ես չեմ միջամտում ձեր գործերին, բայց եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, հետեւի դռնով մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապերն օգտագործեն, դա չի՛ լինի: Ես խոսում եմ երեւույթների մասին, կոնկրետ դեպքերի մասին չեմ խոսում, որ դեպքերի վրա ազդեցություն չունենամ»:
Aravot.am-ի հարցին՝ դուք հայտարարեցիք, որ Մարտի 1-ը բացահայտված է, եթե բացահայտված է, այդ դեպքում ՀՔԾ պետն ինչո՞ւ է հարցաքննության կանչում Սերժ Սարգսյանին, վարչապետը պատասխանեց. «Ես ասացի` բացահայտված է` ըստ էության, հիմա նրանք աշխատում են ամեն դրվագ, ապացույցները ուժեղացնելու վրա: Իմ տպավորությամբ, նրանք հենց դա են անում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ