Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների եւ հակահեղափոխության վտանգի մասին

Օգոստոս 22,2018 15:02

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին: Նա ասաց. «Սահմանադրական փոփոխությունն ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ բոլոր հարցերը օրակարգից կհանեն: Դա տարբերակներից մեկն է, կարող է լինել այլ տարբերակ: Ընդհանուր առմամբ որեւէ պարագայում որեւէ քայլ, մտադրություն, որեւէ գործողություն չի կարելի դուրս դնել Սահմանադրության, սիրո եւ համերաշխության տրամաբանությունից: Ես իմ ելույթում էլ ասացի, որ հանրաքվեի ինստիտուտը պետք է շատ ուժեղացվի, պետք է լինեն հարցեր, որոնք պետք է լուծվեն հանրաքվեով, որովհետեւ մեր հանրությունը թավշյա հեղափոխության ընթացքում տեսավ, որ ինքը կարող է որոշումներ կայացնել, եւ հիմա ինքը ոչ թե պետք է անընդհատ հեղափոխություններ անի, այլ  մենք պետք է ստեղծենք ինստիտուտներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան արտահայտվել կարեւորագույն հարցերի վերաբերյալ եւ այն հարցերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ ինքը գտնում է, որ իր տեսակետը պետք է հաշվի առնելով լուծվի, ինքը պետք է դրա հնարավորություն ունենա»:

Հարցին՝ ե՞րբ եք պատրաստվում հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների հարցը՝ Փաշինյանը պատասխանեց, որ այն, ինչ ասվել է հրապարակում, պետք է ընդունել ի գիտություն, բայց այնպես չի, որ խնդիրները լուծելու միայն մեկ տարբերակ կա. «Կոնկրետ առաջարկվեց մի տարբերակ, մենք կունենանք հանդիպումներ, քննարկումներ: Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի հաղթանակն անշրջելի է: Ես բոլորին կոչ եմ անում որեւէ գործողություն չձեռնարկել՝ այս թեզը թեկուզ տեսականորեն կասկածի տակ դնելու: Մենք, մենք ասելով՝ նկատի ունեմ ժողովուրդը, թույլ չի տա կոռուպցիայի, ապօրինությունների վերադարձ, ամենաթողության վերադարձ: Ես որեւէ մեկին խորհուրդ չեմ տալիս ուղղակի այս հարցը փորձել դարձնել օրակարգի հարց»:

Նա ասաց, որ մտածողության այդ վեկտորը այսօր ՀՀ-ում չունի հեռանկար եւ երբեք այլեւս չի ունենալու հեռանկար:

Հարցին՝ Սահմանադրությունը ինչո՞ւ եք փոխում, ռիսկ կա՞ հակահեղափոխության՝ վարչապետը պատասխանեց. «Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա: Մենք ասում ենք, որ պետք չի ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ մենք ստիպված լինենք նորից հեղափոխություն անել կամ հեղափոխության հաջորդ փուլն անել: Մենք առաջարկում ենք, հրապարակի անունից եմ առաջարկում…ուղղակի պետք չի այսպես փորձել քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները, պետք չի՛»:

Հարցին՝ մտավախություն կա, որ կարող է չվերադառնա՞ք իշխանության՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես իշխանության չեմ, իշխանության ժողովուրդն է: Ես չեմ ուզում, որ ժողովուրդը ոմանց ապացուցի, թե ով է երկրում իշխանություն»:

Վարչապետն ասաց, որ ժողովրդի առաջ չպետք է գայթակղություն դնել ինչ-որ բաներ ապացուցելու: Լրագրողները ճշտեցին՝ ՀՀԿ-ականները նման փորձե՞ր են արել, ուզել են ձեզ իշխանությունից դուրս թողնել՝ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ թե նման փորձեր արվում են, այլ նման փորձերի մտադրության մասին փորձեր են արվում փորձ անելու խոսել, պետք չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031