«Հայաստանի պատմության մեջ լրատվական դաշտը երբեւէ եղե՞լ է այնքան ազատ, ինչքան այսօր է: Ես եմ ձեզ հարց տալիս», – այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես հարցով պատասխանեց հարցին, թե ի՞նչ կասեք այն քննադատությունների մասին, որ ձեր իշխանության օրոք խոսքի ազատությունը ոտնահարվում է:
Լրագրողները փոխանցեցին՝ ձեր իշխանության որեւէ նախարարի քննադատելու համար լրատվամիջոցներին քարկոծում են, Փաշինյանը պատասխանեց. «Ես որեւէ քննադատության համար որեւէ մեկին քարկոծելը չեմ ընդունում եւ կոչ եմ անում բոլորին, որպեսզի քննադատությանը վերաբերվեն կառուցողական, որովհետեւ ես անձամբ ցանկացած քննադատության մեջ տեսնում եմ հնարավորություն` գտնելու մեր սխալները եւ ուղղելու դրանք»:
Հարցին՝ սփյուռքի նախարարը, օրինակ, երեկ կոչ էր անում մի քանի ԶԼՄ-ների սթափվել, ի՞նչ է սա նշանակում՝ վարչապետը պատասխանեց. «Ես էլ այնպես չի, որ միշտ այստեղ եմ կանգնել, իմ կյանքի ավելի մեծ մասը ես ձեր շարքերում եմ կանգնել: Կարծում եմ, մենք բոլորս պետք է արձանագրենք նոր իրողությունները եւ գործենք նորովի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ