Այսօր լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին, թե ինչպե՞ս կարձագանքի Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին, նա քննադատում է, որ տնտեսական քաղաքականություն չունեք, արտաքին քաղաքականությունը լավ չեք վարում: Փաշինյանը պատասխանեց. «Գիտեք, մարդիկ կան, որ արտաքին քաղաքականություն ասելով՝ հասկանում են այն, ինչ Հայաստանը տարել է ձախողումների, մենք չենք պատրաստվում այդ նույն ճանապարհով գնալ»:
Հարցին՝ ձեզ մտահոգո՞ւմ է նրա վերադարձը, Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան, նախ քմծիծաղ տվեց. «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Դուք ինչո՞ւ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց եւ մարդկանց հարցրեք՝ ո՞նց են իրենք վերադառնում: Ես չեմ այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը: Այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը ժողովուրդն է, եւ այդ հարցերը պետք է ուղղեք ժողովրդին, չնայած չեմ կարծում, թե այն, ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ