Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջիվան Գասպարյան. «Ինձ տանեն մինիստր, կլինի՞, ախր դրանից չեմ հասկանում»

Օգոստոս 22,2018 14:44

Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը աշնանը պատրաստվում է նշել ծննդյան 90-ամյակը: Լրագրողներս մաեստրոյին պատահաբար հանդիպեցինք մշակույթի նախարարության մուտքի մոտ:

«Եկել եմ մշակույթի նախարարի մոտ, որպեսզի խոսենք, թե ինչպես ենք նշելու իմ ծննդյան 90-ամյակը: Հոկտեմբերի 12-ին է իմ ծննդյան օրը, բայց քանի որ օպերային թատրոնի դահլիճը զբաղված է, նոյեմբերի 26-ին կնշենք»,-ասաց վարպետը:

Հետաքրքրվեցինք, թե ավանդույթի համաձայն ի՞նչ աշխարհահռչակ հյուրեր են լինելու: «80-ամյակիս աշխարհի ամենամեծ արտիստները եկան, իսկ հիմա դա հնարավոր չէ: : Մի ժամանակ հովանավորներ կային, տարբեր բանկեր, ընկերություններ, հիմա չկան, ու հայտնի մարդկանց հրավիրելը մեծ ծախսերի հետ է կապված: Կլինեն միայն  արտասահմանցի անվանի հայ արտիստներ»,-ասաց արվեստագետը:  Նշեց, որ հոբելյանական երեկոյին իր ստեղծագործությունները կկատարվեն, ինքը կերգի իր գրած երգերը, խոստացավ, որ հետաքրքիր է լինելու:

«75 տարի բեմի վրա պրոֆեսիոնալ մակարդակով բացատրեցի ողջ աշխարհին, թե ինչ է դուդուկը, ինչ է հայը, եւ պատահական չէր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկը համարեց աշխարհի ամենալավ գործիքը, ու տասնյակի առաջին համարն էլ Ջիվան Գասպարյանին նշանակեցին: Ի՞նչ ասեմ, ամբողջ կյանքս երաժշտությամբ եմ զբաղվել, ես պոլիտիկա չեմ սիրում, չեմ ուզում մտնել խառը-մառը գործերի մեջ ու ինձ պետք չի, ամեն մարդ իրավունք չունի պոլիտիկայից խոսի: Քո կարծիքը կարող ես տանը ասել, ոչ թե ժողովրդի ներկայությամբ, որովհետեւ կարող է սխալ խոսես… Դրա համար ես չեմ ուզում խառնվել այդ թեմաների մեջ»,-ասաց աշխարհահռչակ դուդուկահարը:

Տեղեկացրեց, որ մինչ այժմ 20000 համերգ է ունեցել, այդ թվում` լավագույն բեմերում ու պալատներում: «Միայն  Անգլիայի թագուհու պալատում երեք անգամ սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունեցել…Կանադայի ակադեմիայի անդամ եմ, ակադեմիկոսի կոչում ունեմ, պրոֆեսոր եմ, Երեւանի պատվավոր քաղաքացի, այնքան բաներ կա~ն»,-հավելում է մեր զրուցակիցը:

Վարպետն ասում է, որ դառը մանկություն է ունեցել, ծնողներին կորցրել է, մանկատանն է մեծացել, բայց հավաստիացնում է, որ մաքուր կյանքով է ապրել, իրեն էլ երջանիկ մարդ է համարում: Ցանկանում է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով զբաղվի. «Եթե մի բան քո գլուխը չի մտնում, ի՞նչ գործ ունես; Մասնագիտությունն ինչի՞ համար են սովորում, մարդիկ ավարտում են, բժիշկ, ինժեներ, երաժիշտ են դառնում: Թող ամեն մարդ իր գործով զբաղվի, երկիրը կարգի գա, ծաղկի… Հիմա ինձ տանեն մինիստր, կլինի՞, ինձ պետք չի, ախր դրանից չեմ հասկանում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031