«Բոլորն են գիտակցում, որ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե սա է խնդիրը, իմ պատկերացմամբ՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է ձեւավորեն կոնսենսուսի բանակցային սենյակ: Թող մտնեն մեկ փակ սենյակ ու որոշեն՝ ե՞րբ եւ ինչպե՞ս են կազմակերպում ընտրությունները»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ մեծամասնությունը կազմող ՀՀԿ-ի կողմից այլ վարչապետ ընտրելու հնարավորության բացառման նպատակով Սահմանադրության փոփոխություններ անցկացնելու նախաձեռնությանը, ասաց քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ եթե ԱԺ քաղաքական ուժերը նշյալ ձեւաչափով պայմանավորվածության արդյունքում փաստաթուղթ ստորագրած լինեին դեռեւս հունիսին, յոթ ամիս անց արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպվեին. «Այդ փաստաթղթում կամրագրվեր նաեւ ընտրությունների կազմակերպումը: Քանի որ չարվեց, կանգնած ենք սահմանադրական փոփոխությունների առաջ»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մտավախությանը, թե իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է «թաքուն» այլ վարչապետի ընտրել, Թեւան Պողոսյանը նկատեց. «Գուցե դա հնարավոր սցենար է, բայց արդյո՞ք այդ սցենարն է պետք մեր երկրին: Քաղաքական ուժերի միջեւ բանակցություններով կարելի է լուծում գտնել. չէ՞ որ ՀՀԿ-ն, օրինակ, համաձայնել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումներին մասնակցել»: Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Մարտի մեկի հայտնի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է լինելու, որն արդեն իսկ հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: «Թող վերադառնա…Ասել է՝ ընդունեք ի գիտություն: Որքանո՞վ էր նրա մտադրությունը հիմնավոր, կերեւա նախընտրական պայքարում, եթե նա որոշի մասնակցել»,-կարծիք հայտնեց Թեւան Պողոսյանը՝ ճիշտ չհամարելով Ռոբերտ Քոչարյանի փոխարեն մեկնաբանել վերջինիս քաղաքական հայտարարությունները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ