Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայիս գործողությունները չեն փաստում, որ որեւէ մեկը մտադիր է հող հանձնել». Թեւան Պողոսյան

Օգոստոս 22,2018 13:24

«Մինչ այդ էլ քաղաքական ուժերից մեկի կողմից  կարծիք էր հնչում, որ հողերը պետք է հանձնել՝ խաղաղության հաստատման համար… չեմ կարող ասել՝ հանրահավաքում հնչած այդ ակնարկն ա՞յդ ուժի կողմից է տարածվել, թե նրանց կողմից, որոնք ուզում են քաղաքական հարվածներ հասցնել Նիկոլ Փաշինյանին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը դեռ մի բառ անգամ չբանակցած՝ որոշներն իրեն «հող հանձնող» են համարում, ասաց քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը: Հիշեցնենք՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն է կողմ Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքների» կյանքի կոչվելուն(այդ փաստաթղթի կետերից մեկի համաձայն՝ որոշակի տարածքներ պետք է վերադարձվեն Ադրբեջանին): Թեւան Պողոսյանի բնորոշմամբ՝ «Մադրիդյան սկզբունքները» կարելի է համարել այլեւս կյանքի չկոչվող սցենար:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ որեւէ նախագահի գործողությունների հետեւանքով հող չի հանձնվել. «Թող ոչ-ոք չպատկերացնի, թե Արցախը որեւէ մեկի գրպանում դրված է, որ կարելի է խոսել հող հանձնելու մասին: Այս պահին իրականացվող գործողությունները չեն փաստում այն մասին, որ որեւէ մեկը պատրաստվում է հող հանձնել: Քաղաքական ընդդիմադիրների՝ վարչապետին հարված հասցնելու մտադրությունը կյանքի կոչելուց առաջ հիշեք, որ հասարակությունն էլ է ձեզ լսում: Արցախում անվտանգության հարցը շատ սուր է ընկալվում: Հայաստանում պետք է գիտակցեն այն խնդիրները, որոնք կանգնած են Արցախի անվտանգության առաջ»:

Ինչ վերաբերում է հանրահավաքում վարչապետի հիշեցմանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Թեւան Պողոսյանը փաստեց. «Հասկանալի է, որ Ալիեւը վաղը կամ տասը տարում չի ընդունելու այդ ձեւաչափը: Բայց, եթե ամեն օր աշխատես քո հզորության վրա, գալու է օրը, երբ կասես՝ վերջ, այսպես է լինելու: Այո, հնարավոր է Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ. որոշակի գործողություններ կարվեն այդ ուղղությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031