Ռեժիսոր Արամ Շահբազյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել էր հացադուլ սկսելու մասին, ու պատճառն էլ 10 տարուց ավելի ձգձգվող ու երեք նախարարն փոխած «Չնչիկ» ֆիլմի ֆինանսավորումն էր: Օգոստոսի 22-ի առավոտյան նա իսկապես հացադուլի էր նստել մշակույթի նախարարության մուտքի մոտ` «Ով գողացավ «Չնչիկը», «Մաքրեք արվեստը բյուրոկրատիայից», «Անժամկետ հացադուլ» մակագրությամբ պաստառներով: «Չնչիկը» 4 երկրի` Հայաստան, Շվեյցարիա, Հոլանդիա եւ Գերմանիա, համարտադրություն է: 2003-2006 թթ ֆիլմի նախագիծը շահել էր 75000 դոլար եւ 110000 եվրո դրամաշնորհ եւ դիմել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմարտադրության աջակցության ծրագրին: Պրոդյուսերներն են Արա Մնացականյանն ու Մելիք Կարապետյանը:
Ֆիլմի հետարտադրական աշխատանքներն անավարտ են մնացել ու չնայած անավարտ վիճակին, Կինոկենտրոնն այն ընդունել է իր հաշվեկշռում, եւ Արամ Շահբազյանի հավաստմամբ, «լուծել» փաստաթղթավորման հարցերը:
Մանրամասները` տեսանյութում:
Երկար չարչրկումներից հետո նախարար Հասմիկ Պողոսյանը որոշում էր կայացրել հավելյալ ֆինանսավորում տրամադրել «Չնչիկին»` հետարտադրական աշխատանքներն ավարտին հասցնելու համար, ըստ այդմ` կինոկենտրոնի կողմից 3382500 դրամ գումար է փոխանցվել «Մոսֆիլմ» ` ֆիլմի ժապավենները թվայնացնելու եւ Հայաստան տեղափոխելու համար: 2017-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի խորհրդի կողմից եւս մեկ անգամ քննարկվել է ֆիլմի որակը եւ դարձյալ որոշում կայացվել ֆիլմի հետարտադրական ծախսերը հոգալու եւ այն ավարտին հասցնելու մասին:
Արամ Շահբազյանը պատմեց նաեւ ֆիլմի ժապավենների կորելու, «Գոսֆիլմֆոնդի» արխիվում հայտնված լինելու ոդիսականի մասին. «Բարեբախտաբար դրանք գտանք, բայց կարող էին հայտնվել ցանկացած աղբամանում»:
Մանրամասները` տեսանյութում:
Մշակույթի հաջորդ նախարար Արմեն Ամիրյանը եւս պաշտոնապես հանդես էր եկել հայտարարությամբ, որ 2018-ին «Չնչիկը» կավարտվի, նաեւ հավաստիացրել էր, որ ֆիլմի ֆինանսավորման հարցերը տեխնիկական են:
Մանրամասները` տեսանյութում
Արամ Շահբազյանն ասում է, որ 2018-ի ապրիլին կինոկենտրոն են ներկայացվել հավելյալ փաստաթղթեր միջազգային դեբյուտորական կազմակերպությունների կողմից, որոնք փաստում են ֆիլմի միջազգային տարածման պոտենցիալը եւ միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխան լինելու անհրաժեշտությունը: Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո «Չնչիկի» ճակատագիրը կրկին առկախ է մնացել:
Մանրամասները` տեսանյութում` քիչ անց:
Արամ Շահբազյանը այս տարվա հուլիսի 27-ին պաշտոնական նամակով դիմել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` պարզաբանելու իրավիճակը, սակայն այդպես էլ պատասխան չէր ստացել:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Արամ Շահբազյանին խնդրեց վերեւ բարձրանալ եւ քննարկել խնդիրը, նաեւ ասաց, որ տեղյակ չէ ռեժիսորի` իրեն ուղղված նամակից:
Ավելի ուշ նախարարը հայտնեց. «Այն հանձնաժողովը, որը ձեւավորել է կինոկենտրոնը եւ այն սկզբունքը, որը որդեգրել է մշակույթի նախարարությունը, հետեւյալն է` ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա թափանցիկ եւ ոչ միանձնյա որոշմամբ: Երբ կինոկենտրոնը ստեղծել է հանձնաժողովը, որեւէ մեկը, անգամ նախարարը չի կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշման վրա»:
Լիլիթ Մակունցը միաժամանակ հավելեց. «Եթե որեւէ մեկը ստանում է մերժում, պետք է իմանա, թե ինչի համար է մերժվել իր ֆիլմին աջակցություն տրամադրելը: Հիմա ի՞նչ է տեղի ունենալու, մասնավորապես, «Չնչիկի» հետ կապված: Այն ընդհանրապես հանձնաժողովի քննության մեջ չպետք է լիներ, եւ կինոկենտրոնն արդեն իսկ խոստացել էր, որ ֆիլմը նկարահանվելու է, ու գումար է տրվելու հետարտադրական աշխատանքների համար, ընդ որում, դա եղել է որոշում եւ ոչ թե բանավոր պայմանավորվածություն, ուստի անհասկանալի է, թե ինչու է այն հայտնվել հանձնաժողովի քննարկմանը: Ես կհանդիպեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ եւ կստանամ այդ մասին պարզաբանում: Մենք նաեւ որոշեցինք հանձնաժողովի հետ նիստ հրավիրել` ոչ թե որեւէ կերպ որոշման վրա ազդեցություն ունենալու նպատակով, այլ վստահ լինելու համար, որ այն գործողությունները, որոնք իրականացնում է հանձնաժողովը, թափանցիկ են, թեեւ ես որեւէ մեկի ազնվությանը չեմ կասկածում: Պետք է նաեւ հրապարակվեն այն բոլոր հայտերը, որոնք ներկայացվել են հանձնաժողովի դատին»:
Մշակույթի նախարարը հավաստիացրեց, որ հարցին լուծում կտրվի, իսկ Արամ Շահբազյանը կդադարեցնի հացադուլը: «Որեւէ մեկս հակառակ բեւեռում չենք, մենք կոչված ենք լուծելու այն խնդիրները, որոնք տասնյակ տարիներ չեն լուծվել»,-հավելեց նա:
Արամ Շահբազյանն ասաց, որ նախարարության պատասխանն իրեն գոհացնում է. «Կարողացա մանրակրկիտ պատմել, թե ինչ խնդիր կա, ու վստահ եմ, որ գործընթացը թափանցիկ ձեւով է իրականացվելու… Նախարարը դեռ ուզում է պարզաբանել, թե ինչու է այս փաթեթը հայտնվել հանձնաժողովի առաջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հա, մենակ դու ես, Արամ ջան: Էլ կինոռեժիսոր չկա՞:
Իհարկե անհասկանալի է,թե ինչու է ՛՛Չնչիկ՛՛ ֆիլմը հայտնվել հայտերի փաթեթում,բայց ինքնին նման մոտեցումով հանձնախումբ (իբրև փորձագետներ) ձևավորելը արդեն իսկ սխալ էր,որի մասին բազմիցս ներկայացրել,բարձրաձայնել և հիմնավորել եմ ես:
Նախ այդ անդամների ընտրությունը պետք է կատարեր Ազգային Կինոկենտրոնը և Մշակույթի նախարարությունը,որպեսզի նրանք էլ պատասխանատու լինեին իրենց իսկ կողմից ընտրված փորձագետների անաչառության համար:
Կինոկենտրոնը պետք է փորձագետներին ներգրավելու համար անհատական ընտրություն կատարեր,այլ ոչ թե իրեն պարտադրեր այդ ընտրությունը կատարելու հասարակական կառույցների կողմից ներկայացված անդամների շրջանակներից :
Նման մոտեցման պատճառով է նաև,որ այդ հանձնախմբի-փորձագետների խմբում չներգրավեցին արտերկրում բնակվող մեր հայրենակից կինոգործիչները,որոնք հայտնի են իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով և օբիեկտիվությամբ ու նաև Հայաստանում բնակվող այն մասնագետները,որոնք անդամագրված չեն որևիցե կառույցում :
Անաչառություն չէր կարող լիներ նաև,քանզի պետական ֆինանսական աջակցությանը դիմաց հայտատուներից կան մարդիք,որոնք այդ կառույցների անդամներ են,կամ ղեկավար կազմից :
Կինոկենտրոնի ներկայիս տնօրենն էլ,որը նախկինում աչքի չի ընկել,որպես բարեփոխումների կողմնակից,նման իրավիճակ ստեղծելու հաշվին փորձում է իր նախասիրած նախագծերի լոբինգը անել՝ աննուղղակի ձևով,քանզի նախարար Լիլիթ Մակունցի հետ նա չի կարող այնպիսի հարաբերություններ ստեղծել,ինչպես դա անում էր հանրությանը հայտնի նախկին նախարար՝ Հասմիկ Պողոսյանի,կամ փոխնախարար՝ Արթուր Պողոսյանի հետ,երբ ՛՛Հայք՛՛ կինոստուդիայի տնօրենն էր :
Ինքս փորձելու եմ ճշտել.արդյոք նախարար Լիլիթ Մակունցը լիարժեք է տիրապետում այս իրավիճակին,որպեսզի ինքս էլ, որպես պրոդյուսեր,բարձր արդյունքի արժանացած՝ ՛՛Փրկության քարտեզ՛՛ ֆիլմը արտադրողը,հասկանամ,թե որքանով է ռեալ պետության հետ իմ հետագա համագործակցության հնարավորությունը նման դեպքում:
Ու նաև առաջարկելու եմ կազմակերպել հայկական ֆիլմերի հանրային ցուցադրումներ,որոնք պետության աջակցությամբ արտադրվել են վերջին 12 տարում՝ ինչ գոյություն ունի Ազգային Կինոկենտրոնը :
Թող հարկատու հանրությունը իմանա նաև,թե ուր են գնացել իրենց փողերը և տան իրենց գնահատականը :
Որպես ֆիլմ արտադրող-պրոդյուսեր,ինձ համար ավելի կարևոր է հենց հանրության-հանդիսատեսի կարծիքը,քան մի քանի հոգու կողմից կատարվող մութ և անհամոզիչ գործառույթները :
Չգիտեմ,թե իմ ստուդիոյի կողմից ներկայացված նոր ֆիլմի նախագծին ինչ գնահատական պիտի տա այդ հանձնախումբը,բայց ամեն դեպքում նա պարտավոր է իր եզրակացությունը ներկայացնել ոչ միայն հայտատուներին,այլ նաև հանրությանը՝ յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ :
Գիտեմ,դժվար է կարճ ժամանակահատվածում գտնել և ներգրավել այնպիսի կադրերի,որոնք արժանի կլինեն մասնակից լինել երկրում իրականացվող բարեփոխումներին,բայց և պետք չէ ընտրությունը կատարել՝ ՛՛ձեռքի և ոտքի տակ ընկածների՛՛ շարքերից,որն արդեն տեսանելի է: