Երեւանի ավագանու ընտրությունների, Մարտի 1-ի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ։
– Պարոն Ջուրաբյան, Դուք «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր եք, բայց ավագանու ընտրություններին մասնակցում եք ՀՀՇ ցուցակով։ Ինչո՞ւ։
– Կա «Ծառուկյան» դաշինք խմբակցություն, որն իր մեջ ներառում է տարբեր քաղաքական ուժեր եւ անհատներ։ Եվ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կայացրել է իր որոշումը, ունի իր թեկնածուն եւ մասնակցում է ընտրություններին իր թեկնածուով։ «Հայոց համազգային շարժում կուսակցությունն» ունի իր թեկնածուն եւ մասնակցում է իր թեկնածուով։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Կարծում եմ՝ Հայաստանում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ եւ այնպիսի պարարտ դաշտ, որ կանցնեն ժողովրդավարական ընտրություններ, հասարակությունն էլ կորոշի՝ ում է տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում։ Մի բան էլ պետք է կարեւորել. քաղաքական ուժերն ընտրության մասնակցելով՝ առաջին հերթին հաղթահարում են համապատասխան շեմը եւ հայտնվում ավագանիում, դրանից հետո ավագանին ընտրում է Երեւանի քաղաքապետ։ Քաղաքական ուժերը շատ դեպքերում համագործակցում են միմյանց հետ ավագանիում, եւ ես կարծում եմ, որ մենք բոլոր նախադրյալներն ունենք՝ շատ նորմալ համագործակցություն ծավալելու։
– Միգուցե Դուք ցանկացել եք գլխավորել ԲՀԿ ցուցակը, բայց չի ստացվել, եւ որոշել եք չլինել երկրորդը, երրորդը։
– Ես հակառակը կարող եմ ասել, բացառված չէր նաեւ, որ ես գլխավորեի այդ ցուցակը։ Բայց ես գտնում եմ, որ ես, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ լինելով, չեմ կարող ղեկավարել այլ քաղաքական ուժի ցուցակ։ Այլ բան, եթե ստեղծվեր դաշինք, եւ որոշվեր այդպես, տվյալ պարագայում չի եղել, այդ ճանապարհով չենք գնացել։ Բայց էլի եմ ասում, այստեղ մի բան է կարեւոր, որ մասնակցում ես ընտրությունների եւ գիտես՝ մասնակցում ես հանուն ինչի։ Մի բան կա այստեղ, որ որոշիչ գործոն է հանդիսացել ոչ թե քաղաքական այս կամ այն միավորի անդամ կամ մասնակից լինելը, այլ այն, որ Երեւան քաղաքի խնդիրներին քաջածանոթ եմ, շատ լավ գիտեմ, երկար տարիներ աշխատել եմ այս համակարգում, եղել եմ Կենտրոն համայնքի ղեկավար, գիտեմ թե՛ խնդիրները, թե՛ լուծումները։ Ինքս տարիներ շարունակ երազել եմ փորձել իրականացնել փոփոխություններ Երեւանում, որոնք անհրաժեշտ են երեւանցու համար, մարդու համար, որովհետեւ քաղաքը կարեւոր է նրանով, որ այնտեղ ապրում է մարդ արարածը եւ երեւանցին, կարծում եմ՝ արժանի է ավելի լավ քաղաքում ապրելու։
– Տեսակետ կա, որ առանձին եք մասնակցում ընտրություններին, որպեսզի ստանձնեք ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին քննադատողի դերը, քանի որ «Ծառուկյան» դաշինքը դա չի ցանկանում անել՝ լինելով կառավարության կազմում։
– Հիմար տեսակետ է. ինչը քննադատեմ Հայկ Մարությանի։ Հայկ Մարությանը պետք է իշխանության այս կամ այն մարմնում եղած լինի, ինչ-որ քայլեր արած լինի, որ նրան քննադատես։ Հ. Մարությանը քննադատվելու տեղ չունի։ Ցավում եմ, որ նման տեսակետներ կյանքի իրավունք են ստանում։ Ես մասնակցում եմ նրա համար, որ հաղթեմ այս ընտրություններում եւ դառնամ Երեւանի քաղաքապետ, զբաղվեմ Երեւանի խնդիրներով որովհետեւ գտնում եմ, որ եղած թեկնածուներից լավագույնը ես դա կարող եմ անել։
– Այսինքն՝ Նաիրա Զոհրաբյանից ավելի լավ կարող եք դա անե՞լ։
– Իհարկե, անկասկած։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում