Facebook և Twitter ընկերությունները հայտարարել են, որ հեռացրել են հարյուրավոր ռուսական ու իրանական էջեր, որոնք նրանց կարծիքով «ոչ բնական վարք» էին ցուցաբերում:
«Դրանք երկու տարբեր ընկերություններ են (ռուսական և իրանական-խմբ.), մենք չենք գտել նրանց միջև կապ կամ համակարգված գործողություններ: Սակայն նրանք օգտագործում էին միանման մարտավարություն՝ ստեղծելու օգտահաշիվների ցանցեր, որոնք մոլորության մեջ են գցում՝ կապված այն հարցի հետ՝ ովքեր են և ինչով են զբաղվում»,- ասվում է Facebook-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է BBC-ն:
Facebook և Instagram սոցցանցերից հեռացվել է ավելի քան 650 «անհայտ էջ», խումբ և օգտահաշիվ Իրանից, որոնք ուղղված էին Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի լսարաններին, ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռացած ռուսական էջերը, որոնց թիվը չի հաղորդվում, «կարող էին կապված լինել այն աղբյուրների հետ, որոնք ինչպես ավելի վաղ պարզել էր ԱՄՆ կառավարությունը, ռուսական ռազմական հատուկ ծառայություններ էին»:
«Մենք արգելում ենք նման վարքը, քանի որ ցանկանում ենք, որ մարդիկ կարողանան վստահել այն կապերին, որոնք նրանք ստեղծում են Facebook-ի միջոցով»,- ասվում է ընկերության պարզաբանման մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ