«Իսկ դու նրան գնել ես խորհրդայի՞ն օրենքներով: Թե՞ գուցե խորհրդային օրենքներով ես նրան գողացել»: Հայտնի կինոկատակերգության այս արտահայտությունը դարձել է թեւավոր: Հարսնացուին փախցրած Սաախովը պահանջում է, որ իրեն դատեն խորհրդային օրենքներով, իսկ նրանից վրեժ լուծող երիտասարդները (կատակով, իհարկե) սպառնում են նրան դատել «լեռների օրենքներով», այսինքն՝ ինքնադատաստան տեսնել, ինչի համար էլ բերվում է վերոհիշյալ «փաստարկը»: Որպես կատակ, այն, իհարկե, լավ է հնչում, բայց իրականում դա փաստարկ չէ. պարզ է, որ երբ անհատը խախտում է տվյալ երկրի օրենքը, պետությունը նրան պետք է պատժի այդ օրենքով:
Երբ ես այդ, ինձ թվում է, ակնհայտ թեզն եմ արտահայտում նախկին իշխանության, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի կիրառմամբ, մարդիկ ինձ հետ սկսում են վիճել՝ թվարկելով երկրորդ նախագահի մեղքերը` «բա որ նա…»: Բայց նախ՝ այդ մեղքերը պետք է ապացուցել դատարանով, եւ երկրորդ՝ ապացուցելուց հետո պետք է նրան նշանակել այն պատիժը, որը նախատեսված է օրենքով:
Նույնը՝ նախկին իշխանության ցանկացած ներկայացուցչի հարցում: Բանկային հաշվին 30 միլիոն կամ անգամ 30 միլիարդ դոլար ունենալը դեռեւս հանցագործություն չէ: Պետք է ապացուցել, որ գումարը ձեռք է բերվել հանցագործ ճանապարհով: Եթե խոսքը Ալեքսանդր Սարգսյանի մասին է, ապա ոչ ոք, իհարկե, չի կասկածում, որ նա չէր կուտակի նման ահռելի հարստություն, եթե նախագահի եղբայրը չլիներ: Բայց մի բան է մեր «չկասկածելը», մեկ այլ բան՝ իրավական գործընթացը՝ քննությունը, մեղադրանք առաջադրելը, դատը, դատավճիռը:
Վերջերս բավականին ապաքաղաքական մի քաղաքացուց լսեցի՝ «Քոչարյանին դատ չի հասնում, նույնիսկ գնդակահարություն չի հասնում, նրան պետք է կախել հրապարակում եւ հնարավորություն տալ ժողովրդին դանակով մի ծվեն կտրել նրա մարմնից»: Իհարկե, վատ չէր լինի, որ մեր նախկին իշխանավորները հասկանան, որ ժողովրդի մեծամասնության մոտ իրենք հենց այդպիսի զգացմունքներ են առաջացնում եւ փորձեն վերլուծել դրա պատճառները: Բայց իրավական գործընթացի հետ դա ոչ մի կապ չունի:
Նորվեգացի ահաբեկիչ Անդրեաս Բրեյվիկը սպանել է 77 հոգու: Այդ երկրի դատարանը նրան դատապարտել է 21 տարվա ազատազրկման եւ նա միայնակ պահվում է 24 քառակուսի մետր մակերեսով 3 սենյականոց բանտային «խցում»՝ ննջարանով, աշխատասենյակով եւ մարզադահլիճով: Բրեյվիկը երբեմն բողոքում է բանտային «ոչ մարդասիրական» պայմաններից: Նորվեգիան ազատ եւ բարգավաճ երկիր է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բայց ինչ խորը մտքեր են՝ օրենքի, կյանքի և աշխարհաքաղաքական մարտահրավերների իմացությամբ: Հեղինակը արդեն ամեն ինչով Պոզներ է դառնում:Էդ անտեր լեռների օրենքն է խանգարում, թե չէ հաստատ անցել էր արդեն:
Եթէ չեմ սխալիր մենք,անկախութենէն ի վեր,առաջին անգամն է որ նման կացութեան առջեւ կը գտնուինք -հակառակ մեր մէջ բոյն դրած ՛՛ լեռների օրէնքներուն ՛՛ պէտք ենք
ցոյց տալ որ վար իջած ենք լեռներէն և արդէն բռնած արդարութեան և օրէնքի ճամբան;