Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որպես տնտեսագետ մտահոգված եմ

Օգոստոս 22,2018 13:00

Բաց նամակ վարչապետին

Մամուլում վերջերս շրջանառվում է, թե արտերկրում ունենք հայազգի տնտեսագետ «փրկիչներ», որոնք կգան Հայաստան եւ տնտեսական զարգացման ծրագիր կներկայացնեն` այն էլ բաձր վարձատրման պայմանով: Ինձ համար այս փաստը վիրավորական է երկու առումով: Նախ, սփյուռքահայ տնտեսագետը չպետք է որ հայրենիքի հետ առեւտուր անի, այլ ընդհակառակը, եթե ոչ ֆինանսական, ապա գոնե իր մտավոր ներուժով օգտակար լինի այն մի կտոր հողին, որը շարունակում է գոյատեւել ու ամրանալ: Եվ երկրորդ, գոնե ինձ համար բացարձակապես անհասկանալի է մեր կառավարության անտարբեր վերաբերմունքը հայրենիքում բնակվող տնտեսագետների նկատմամբ:

Ի՞նչ եք կարծում, եթե գեներացնենք Հայաստանում աշխատող տասնյակներով տնտեսագիտության դոկտորների եւ հարյուրներով տնտեսագիտության թեկնածուների մտքերն ու առաջարկները, դրանք մի քանի անգամ արդյոք չե՞ն գերազանցի դրսում բնակվող Աճեմօղլուների մտահորիզոնը: Ես բնավ խանդով չեմ վերաբերվում եւ ոչ էլ թերագնահատում եմ մեր սփյուռքահայ հայտնի տնտեսագետներին: Նրանց անշուշտ չպետք է անտեսել՝ անպայման ընդգրկելով հայրենաշինության մեր ընդհանուր գործին: Բայց մյուս կողմից, ինչո՞ւ անտեսել հայաստանյան մասնագետներին: Այ դա ինձ համար ոչ միայն անհասկանալի, այլեւ մտահոգիչ է:

Վստահ եմ, որ հայաստանաբնակ ոչ մի տնտեսագետ վարձատրման պահանջով չի լծվի տնտեսության զարգացման ծրագրային աշխատանքներին, քանի որ ուղղակի այն կհամարի իր սուրբ գործն ու հանրային պարտավորվածությունը: Ասեմ ավելին, ներսի մարդը առավել լավ է տեսնում երկրում առկա տնտեսական խոչընդոտները, հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները, քան հայաստանյան իրականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու Աճեմօղլուները, որոնց դեռ ժամանակ է անհրաժեշտ «մարսելու» հայաստանյան տնտեսական այս խառնաշփոթը:
Ներդրումների առումով եւս մեկ մտահոգություն ունեմ: Թավշյա հեղափոխությունից առաջ մեր երկրում գործում էր միահեծան իշխանություն, հիմա նորից նույն սկզբունքով ենք առաջնորդվում, բոլորս անընդհատ մեր հայացքն ու ականջները ուղղելով հարգարժան վարչապետին: Ազգի համախմբվածության առումով միգուցե դա լավ է, բայց օտարերկրյա ներդրողի կողմից դա վատ է ընկալվում:

Պատկերացրեք, եթե որեւէ մեկը խոշոր ներդրում իրականացնի ՀՀ-ում, ոգեւորվելով գործող վարչապետի կոչերով ու խոսքերով, եւ մի քանի տարի անց երկրում մեկ այլ վարչապետ նշանակվի. ուրեմն ամեն ինչ նրա համար պետք է հօդս ցնդի: Հավատացեք, որ Գերմանիայում, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում ներդրողները բնավ չեն առաջնորդվում հեղափոխական էյֆորիայով, այլ ներդրումային երկարաժամկետ երաշխիքներ են որոնում գործարար եւ օրենսդրական միջավայրում: Եվ նրանց բնավ չի էլ հետաքրքրում երկիրը կառավարող անձի տեսակը:
Ուրեմն, ժամանակն է, որ հասկանանք, թե անձերի շուրջ համախմբվելուց զատ, ոչ պակաս կարեւոր է համախմբվել գաղափարների շուրջ: Հենց այստեղ եմ տեսնում թավշյա հեղափոխության խորհուրդը, որին կարծես մեր օրերում այնքան ուշադրություն չի դարձնում հանրությունը:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

21.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031