Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան խնդիրն ու Պուտինի գործոնը

Օգոստոս 22,2018 12:00

100 օրվա ծանրություն. Քոչարյանի հույսն ու Փաշինյանի վստահությունը

Օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում, որը նվիրված էր պաշտոնավարման 100 օրվան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ որոշ շեշտադրումներ արեց: Նրա պաշտոնավարման հենց սկզբից հայ-ռուսական հարաբերությունները, թերեւս, սխալված չենք լինի, եթե համարենք ամենաուշագրավ զարգացումներով ընթացող ուղղությունը:

Հանրահավաքին իր ելույթում Փաշինյանը փորձեց ցրել կասկածներն այն մասին, թե հայ-ռուսական հարաբերություններում լուրջ բարդություններ կան: Նա շեշտեց. «…Ուզում եմ ասել հետեւյալը. ես իմ խոսքի սկզբում ասացի, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել: Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին՝ ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլ, ի հեճուկս հանրապետականների, նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են, գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեւերանսներ չեն լինելու, մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է, հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության՝ Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետեւողականորեն, այո՚, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Բայց ես ուզում եմ մի բան ասել, որ կուզենայի լսեն, Ռուսաստանում գործող այն փորձագետներին, ովքեր անընդհատ ահազանգում են, որ Հայաստանը գնում է Արեւմուտք, Հայաստանը գնում է Արեւելք, Հայաստանը չգիտեմ ուր է գնում: Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանի Հանրապետությունն ամուր կանգնած է իր ոտքերի վրա, ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով, արժանապատիվ կեցվածքով: Եվ հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է, զարգանալու է»:

Փաշինյանն իր պաշտոնավարման մեկնարկից սկսած, ակնհայտորեն, մեծ կարեւորություն է տալիս Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, իսկ ավելի ճիշտ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները վստահելի մակարդակի բերելու առումով: Երեւան-Մոսկվա փոխհարաբերություններն ըստ ամենայնի, վաղ թե ուշ, նորմալ հունի կհաջողվի բերել: Ինչ վերաբերում է Մոսկվայի վստահությանը, ապա Կրեմլը, թերեւս, որեւէ երկրի ղեկավարության անվերապահորեն չի վստահում: Այստեղ հետաքրքրականն այն է, որ Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ բոլոր ժամանակների ընդդիմադիր գործիչների գերակշիռ մասը ձգտել ու շարունակում են հասնել Կրեմլի աջակցությանը:

Ավելին, մեզանում վաղուց արդեն ավանդույթ է դարձել ցանկացած գործընթաց կապել Կրեմլի դիրքորոշման հետ: Պատահական չէր այս առումով Փաշինյանի մեկ այլ հայտարարությունը, որով նա իր հերթին ռեւերանսներ արեց Կրեմլի ուղղությամբ. «Բայց ես ուզում եմ մի բան ասել. նախորդ տարիներին Հայաստանում տեղի է ունեցել մի այսպիսի բան: Օրինակ, իշխանություններն իրենց կեցվածքով այնպես են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երեւույթներ այդ իշխանությունների պասերով կապվել են Ռուսաստանի հետ: Ինչո՞ւ է այդպես եղել, որովհետեւ ուզեցել են կոռումպացված իշխանություններն իրենց գործողությունների պատասխանատվությունը դուրս քցել, իբր այդ իրենք չեն մեղավոր, դրսում ինչ-որ ուժեր կան, որ իրենց թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Այստեղ է էությունը, հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են՝ այ էս ձեր դեմ են անում, ձեր դեմ են կոռուպցիայի դեմ պայքարում: Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, որովհետեւ Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երեւանում նույնպես միամիտ մարդիկ չկան, որ դուք պուլտով այստեղ-այնտեղ խոսեք ձեր օգնականների մոտ, հպարտ-հպարտ խոսեք ու մեզ վրա տպավորություն գործեք»:

Փաշինյանի ակնարկը առավել քան թափանցիկ էր, թե ում էր ուղղված: Նրա հանրահավաքից մեկ օր առաջ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարեց, որ վերադարձել է քաղաքականություն, իսկ դրանից մի քանի օր առաջ՝ օգոստոսի 13-ին, վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը, բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Քոչարյանը շեշտեց, որ իր վերադարձի հիմնական պատճառներից է աշխարհաքաղաքական իրավիճակը, եւ գալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նշեց. «Այն երկիրը չէ Ռուսաստանը, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: Այն ռազմավարական գործընկեր է, առանց այդ գործընկերության մեր պաշտպանության հարցը մեծ վտանգի տակ է: Ուղղակի ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգ: Անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ կարգի քայլեր: Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի: Այն գինը, որ նման սխալների համար տալիս են, շատ ծանր գին է»: Դիտարկմանը, թե այժմ ՀՀ-ն շատ ավելի արժանապատիվ կեցվածք ունի, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Այդ ի՞նչ արժանապատվություն է: Դու պատասխանատու ես հայ ժողովրդի անվտանգության, տարածքային ամբողջականության համար, Ղարաբաղի համար, քո անձնական արժանապատվության դիմաց դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, քո կեղծ մեկնաբանությունը դնում ես մեկ նժարի վրա, մինչդեռ մյուս նժարի վրա քո ժողովրդի անվտանգությունն է, Ղարաբաղի ապագան, այն հողերը, որ այսօր վերահսկվում են մեր բանակի կողմից: Ես դա չեմ ընդունում, դրա համար վերադարձել եմ քաղաքականություն»:

Կրկին, ինչպես 1998 թվականին, Հայաստանում իշխանության գալու իր հնարավորությունը Քոչարյանը կապում է արցախյան խնդրի հետ ու այս համատեքստում կարեւորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները: Վստահաբար Կրեմլից Քոչարյանը Հայաստանում քաղաքական «առաջխաղացման» «դաբրո» չի ստացել, բայց կարեւորը տպավորություն ստեղծելն է, կամ նույնիսկ՝ «ինքնադրսեւորվելը», ինչով էլ Քոչարյանը ապագայում կզբաղվի:

Քոչարյանը հայտարարեց՝ այն, ինչ կատարվեց ՀՀ-ում, չի կարող Արցախում իր ազդեցությունը չունենալ եւ հավելեց, որ իր համար ընդունելի չէ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը ղարաբաղյան հակամարտության հարցում. «ՀՀ առաջին դեմքը չի կարող ձեռքերը լվանալ: Կտեսնենք՝ գնալու, բանակցելու է: Ի՞նչ է նշանակում բանակցային գործընթացից հրաժարվել, պատկերացնո՞ւմ եք դրա հետեւանքները: Ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը»:

Վերոնշյալի պատասխանն էլ Փաշինյանը հնչեցրեց օգոստոսի 17-ի հանրահավաքում՝ ասելով հետեւյալը. «Ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել ՀՀ անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ, կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»:

Այսպիսով, արցախյան հարցում, Փաշինյանը, որը դեռեւս Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններ չի վարել, արդեն իսկ դրել է մի նշաձող, որն ապահովում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի նկատմամբ հնարավոր ճնշումների դեպքում անհարկի զիջումների ակնկալման բացառումը:

Ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի օգոստոսի 22-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 21.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հմմմմ… ասենք՝ դեհ լաւ, քաղաքական-դիւանագիտական ճնշումների պարագային, թող լինի այդպէս…

    սակայն թէ որ սկսվի լայնատարած պատերազմ, Ռուսաստանի հովանաւորութեամբ, այդ պարագային ո՞ւր է արդեօք վարչապետի հանճարեղ «նշաձող»ը… երեւի՝ նրա կախարդական փայտիկը…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031