Մարմնի արվեստը՝ Body art-ը, իբրեւ տեսակ, սկիզբ առավ 1960-ականների կեսերից, Վիեննայում, որն արագորեն տարածվեց Ֆրանսիայում, իսկ 1980-ականներից՝ Իտալիայում: Այս շարժման հեղինակներն էին՝ Ֆրանսիայում Միշել Ջուրնյակը եւ Գինա Պանը, Իտալիայում՝ ճանաչված նկարիչ Քեթի Լա Ռոչան: Հայաստանում 1990-ականների կեսերին արվեստի այս տեսակի եթե ոչ առաջին, ապա հիմնադիրներից էր դիզայներ Նաիրա Կիրակոսյանը: Արվեստասեր հասարակայնությունը հավանաբար կմտաբերի նրա «Մարմինը խավարում» խորագրով ցուցադրությունը, որտեղ հոգեւոր աշխարհի տարբեր մեկնություններն էին մարմնի միջոցով, ընդ որում՝ այս յուրօրինակ բեմադրության եւ սցենարի հեղինակը ինքը՝ Նաիրա Կիրակոսյանն էր: Մի կարեւոր հանգամանք եւս. ցուցադրությանը ընտրված էին ոչ «դասական» մոդելային արտաքինով անհատներ: Հետո, ըստ մեր տեղեկությունների՝ արվեստագետը մեկնեց Մոսկվա: Իսկ 2001թ. կայացավ նրա ճակատագրական հանդիպումը ապագա ամուսնու՝ ճանաչված օպերային բաս, ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ:
Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացած Չուխաջյանի «Արշակ Բ» ներկայացմանը, որտեղ գլխավոր դերերգով հանդես եկավ շուրջ հինգ տարի Աստանայի օպերային թատրոնի բեմի վարպետ, գլխավոր խորհրդատու, տեղի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Բարսեղ Թումանյանը, ներկա էր նաեւ նրա տիկինը, որին հրավիրեցինք հարցազրույցի: Նախ մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը վաղուց կրում է ամուսնու ազգանունը, ապա ասաց. «Մեր համատեղ կյանքի առաջին օրվանից մշակութային հետաքրքրություններս տեղափոխվեցին ամուսնուս՝ բացարձակ արվեստ կրող հարթություն, դրանք են՝ գեղանկարչություն, գորգագործություն, դիզայն, ճարտարապետություն եւ հետո՝ Բարսեղը նաեւ փիլիսոփա է եւ պոետ… Նա բացահայտեց իմ գեղագիտական թաքնված այն կարողությունները, որի մասին երբեք չէի էլ կարող երազել: Արդյունքում՝ էմոցիոնալ զգացմունքներս սկսեցի վերարտադրել կտավներում»: Հետո էլ ներկայացրեց. «Աստանայի օպերային թատրոնում ամուսնուս բուռն ստեղծագործական կյանքին զուգահեռ սկսվեց նաեւ իմ գործունեությունը: Գեղանկարներիս առաջին ցուցադրությունը կայացավ 2014թ., Բարսեղի մենահամերգի ժամանակ, ինչը իսկապես մեծ արձագանք ունեցավ: Սկսվեց ծանոթությունս ոչ միայն ղազախ, այլեւ աստանաբնակ օտարազգի նկարիչների հետ ու հենց այդ ժամանակահատվածում հիմնվեց նկարիչների «Ամպլիտուդ» միությունը: 2015թ. միության անդամներով առաջին ցուցադրությունն ունեցանք Աստանայի Գիտության եւ արվեստների ռուսաստանյան պալատում: Նշեմ, որ այս ցուցահանդեսից հետո արձագանքները պարզապես դուրս եկան Ղազախստանից»: Տիկին Թումանյանը հավաստիացրեց նաեւ, որ այդ տարի իրեն առաջարկ է եղել հանդես գալ անհատական ցուցահանդեսով, որը կայացել է 2016թ., «Մոսկվա» բիզնես կենտրոնի Artrum 21 սրահում, որտեղ ելույթով հանդես են եկել նաեւ Բարսեղ Թումանյանի ուսանողները: Գեղանկարչուհու աշխատանքները, նրա հավաստմամբ՝ Արտ դեկո ուղղվածության է, որը սկիզբ է առել Ֆրանսիայում, 1920-ականներին:
Հետաքրքրությանը՝ Ղազախստանում ունենալով հարգանք, ճանաչում, կարելի՞ է ենթադրել, որ չեք էլ մտածում վերադարձի մասին, քանի որ Զովունիում գտնվող Բարսեղ Թումանյանի առանձնատունը դիտվում է իբրեւ արվեստների կենտրոն, որտեղ վերջին շրջանում, ձեր՝ Հայաստանում գտնվելու օրերին, հավաքվում են նշանավոր գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք չենք էլ հեռացել հայրենիքից: Ինչ վերաբերում է Բարսեղին, սա նրա հերթական աշխատանքային տուրնեն է, ինչն իր ստեղծագործական կյանքում ժամանակ առ ժամանակ իրականացրել է նա Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլուր»: Տիկին Թումանյանին փոխանցեցինք վերջին շրջանում մեզանում տարածված այն լուրերը, թե Բարսեղ Թումանյանը մտադիր է վերադառնալ հայրենիք՝ այլ կարգավիճակով, ստացանք հետեւյալ պատասխանը. «Հարցի ենթատեքստն ինձ հասկանալի է… Հայաստան մեր այս այցից առաջ Բարսեղն առաջարկ ստացավ ստանձնելու Աստանայի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը եւ առանց վայրկյան մտածելու հրաժարվեց, ասելով, որ ինքը կրում է հայ ազգի գենոկոդը ու հետեւաբար իր միսիան է ծառայել իր ազգին»:
Հաստատելով «դրսի» ԶԼՄ-ներից ունեցած մեր այն լուրը, թե Նաիրա Թումանյանը հանդիսանում է Եվրասիական տարածաշրջանի դիզայներների միության միակ հայ անդամը եւ վերջերս Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է այդ միության ոսկե մեդալով նրա պարգեւատրման արարողությունը, մեր զրուցակիցն ասաց. «Դյուրին չէ լինել նման հեղինակավոր միության անդամ, ինչը, ստեղծագործական գործունեությունից բացի, ենթադրում է նաեւ այլ պարտականություններ, որոնց թվում, օրինակ՝ պարտադիր իրականացնել բարեգործական ծրագրեր եւ այլն»: Ռեպլիկին՝ իսկ սպասվո՞ւմ է նման ձեւաչափով աշխատանք նաեւ Հայաստանի հետ կապված, մեր զրուցակցի պատասխանը միանշանակ «այո»-ն էր՝ առանց մանրամասնելու:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Տեր եւ տիկին Թումանյանները՝ «Արշակ Բ» ներկայացումից հետո:
«Առավոտ»
21.08.2018