Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Իսրայելի միջև առկա է առևտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել

Օգոստոս 21,2018 21:21

Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները զարգացում են ապրել, ընդլայնվել է քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը։ ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ առավել խորացնելու երկկողմ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում:

Կողմերը համակարծիք էին, որ Հայաստանի և Իսրայելի միջև առկա է առևտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձան զարգացման օրակարգի շուրջ համագործակցության խորացման հեռանկարներին, կարևորեցին մշակութային, գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնությունները՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելման գործում կրթության դերին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։

Նախարար Մնացականյանը և Ալեքսանդր Բեն Ցվին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին և Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ տվյալ հարցում Հայաստանի և Իսրայելի դիրքորոշումները համընկնում են․ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի արդյունավետության առումով երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ մեր գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031